«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրն է, վերջերս ձեռք է բերել մանկապղծության մեղադրանքով մոտ երեք տարի առաջ կալանավորված «Մեթըլ Փրինս ԷԼ-ԹԻ-Դի»-ի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: Կան նաեւ տեղեկություններ, որ Ախթալայի հանքը հինգ տարով տրվել է Մաքսիմ Հակոբյանին կոնցեսիոն կառավարման:
Երեկ այս տեղեկությունը չհաջողվեց ճշտել անձամբ Մաքսիմ Հակոբյանից: Ողջ օրը նրա հեռախոսը չէր պատասխանում, իսկ երեկոյան հեռախոսին պատասխանեց վարորդը:
Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի կալանավորումից հետո կոմբինատը խնդիրներ ուներ գործունեության հետ կապված: Անգամ անցյալ տարի դադարեցրել էր աշխատանքը: Շամլուղի բաց հանքավայրում մակաբացման, հորատման եւ պայթեցումների աշխատանքները արդեն 4 տարի իրականացնում է «Ապառաժ» ՍՊԸ-ն, որին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պարտքը անցյալ տարի կազմում էր 1,2 մլն դոլար: