Հյուսիսային Իռլանդիայում բախումներ են տեղի ունեցել շուրջ 1600 ցուցարարների և ոստիկանների միջև` հաղորդում է BBC-ն:
Ցուցարարները, որոնք հանդես են գալիս Բելֆաստի քաղաքային խորհրդի շենքի վրայից Մեծ Բրիտանիայի դրոշը հանելու որոշման դեմ, քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 15 սպա:
Ի պատասխան ցուցարարների այս գործողությունների՝ իրավապահ մարմինները կիրառել են ռետինե փամփուշտներ և ձերբակալել են մի քանի մարդու:
Հյուսիսային Իռլանդիայում «յունիոնիստների» խռովությունները ծագել են այս շաբաթ` այն բանից հետո, երբ քաղաքային խորհրդի անդամները (խորհրդում զգալի մաս են կազմում ազգայնականները) կողմ են քվեարկել քաղաքապետարանի շենքի վրայից «Յունիոն Ջեք» դրոշը հանելու հարցին. դրոշը շենքի վրա ծածանվում էր ավելի քան 100 տարի: Այժմ դրոշը բարձրացվելու է տարվա մեջ 17 օր:










































