Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, թե իրենց ղեկավար Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում «անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»: Այս մտքի և այդ հաղորդագրության մեջ առկա այլ բնութագրումների մասին այսօր լրագրողներին պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
– Պարոն Շարմազանով, ԲՀԿ ղեկավարը բավականին կոշտ հայտարարություն էր արել, որն, ըստ էության, ուղղված էր ՀՀ, նույնն է թե` ՀՀԿ ղեկավարներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և այլոց: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հայտարարությունը:
– Նախ` ես նման բովանդակությամբ հաղորդագրությունը որակում եմ որպես ամոթ: Հստակ երևում է, որ դա ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում է, բայց պետք է նշեմ, որ այդ թատերական ներկայացումներից առաջին հարվածը հենց ԲՀԿ-ի ու նրա ղեկավարի վրա է ընկնում, որովհետև ամեն ինչ չէ, որ կարելի է ասել, և ամեն ինչ չէ, որ արդարացվում է: Մենք էլ շատ բան կարող ենք ասել, բայց չենք ասում:
Մենք չենք ասում չէ՞, որ նույն այդ այցի հետ կապված եվրոպացի շատ պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ: Մենք չենք ասում չէ՞, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը, նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ: Մենք չենք ասում չէ՞, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի, պոպուլիստական քաղաքականության արդյունքում հասել է որոշակի հաջողության: Մենք չենք ասում չէ՞, որ ըստ եվրոպացի մեր գործընկերների` ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա: Մենք չենք ասում չէ՞, որ հաշվի առնելով այս հանգամանքը՝ որոշ եվրոպացի գործընկերներ չեղյալ են հայտարարել ԲՀԿ-ի հետ հանդիպումը: Մենք չենք ասում չէ՞, որ ի վերջո` եվրոպական կառույցների միջանցքներում կազմակերպել են փոքրիկ թատերական սրտաճմլիկ ներկայացումներ` հայ որոշ երիտասարդների ներկայությամբ: Կամ՝ ինչո՞ւ են վերնաշապիկով գնում պաշտոնական հանդիպումների: Ի վերջո` մենք շատ բան չենք ասում, և միշտ չէ, որ ասելն օգուտ է, որովհետև շատ դեպքերում լեզուդ կարող է քո թշնամին լինել: Հայաստանում էլ տեղյակ են այդ հանդիպումներից, և ի վերջո` կան եվրոպական պատգամավորների գրավոր զեկույցները, կարծիքները, և ես փոխանցեցի այդ կարծիքները:
– Իսկ ինչպե՞ս կբնութագրեք նույն Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի բնութագրումը, թե Գ. Ծառուկյանը կարող է նախագահի հիանալի թենածու լինել:
– Ես առհասարակ այդ ամբողջ հաղորդագրության բովանդակությունը որակեցի մեկ բառով՝ ամոթ է նման բովանդակությամբ հաղորդագրության առկայությունը:
– Ո՞րն է նման սուր բնութագրումների նպատակը:
– Նպատակը ներքին լսարանին ուղղված թատերական չստացված շոուն է:
– Սա նշանակո՞ւմ է, որ նա առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին:
– Այստեղ խնդիրը նախագահական ընտրություններով պայմանավորված չէ: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը մրցակցության և ժողովրդավարական արժեքների կողմնակից է: Մենք մրցակցությունից չենք վախենում և գտնում ենք, որ մրցակցությունն է ժողովրդավարության զարգացման հիմնական լոկոմոտիվը: Մենք պարզապես անհեթեթ ենք համարում այդ հրապարակման մեջ առկա կարծիքները, որոնք առաջին հերթին շահեկան չեն հենց ԲՀԿ-ի ու նրա ղեկավարության համար:
– ԲՀԿ-ն մինչև այժմ զերծ էր մնում նման կոշտ բնութագրումներից: Կարելի՞ Է ասել, որ Ս. Սարգսյանի հետ ամիսներ շարունակ տեղի ունեցած բանակցությունները այդ կուսակցության համար ցանկալի արդյունք չեն տվել:
– Ես չեմ կարող ասել, թե ցանկալի արդյունքը որն է. ԱԺ բարձր ամբիոնից 2 օր առաջ հայտարարել եմ, որ մենք ժողովրդավարական արժեքների կրող ենք, բայց փաստն այն է, որ ապագա նախագահական ընտրություններում պայքարը գնալու է ոչ թե առաջին, այլ մյուս տեղերի համար:
– Երբ Գ. Ծառուկյանը իշխանություններին մեղադրում է կոռուպցիայի մեջ, կարո՞ղ ենք ասել, որ դա նշանակում է, թե արդեն բացառվում է, որ ԲՀԿ-ն սատարի Ս. Սարգսյանին:
– Դա հարցրեք Գ. Ծառուկյանին ու նրա կուսակցությանը, բայց այնպես էլ չէ, որ ով սատարի Ս. Սարգսյանին, ՀՀԿ-ն պետք է գրկաբաց ընդունի բոլորին: ՀՀԿ-ն իրականացնում է իր քաղաքականությունը` իր նախագահի գլխավորությամբ: Եվ այսօր ՀՀԿ նախագահը և ապագա նախագահի թեկնածուն մրցակցությունից դուրս է:
– Կամուրջներն արդեն այրվա՞ծ են:
– Մենք երբեք կամուրջները չենք այրում և գտնում ենք, որ ՀՀ-ում պետք է առաջնորդվել հավասարակշռված քաղաքականությամբ, հանդուրժողականությամբ և երկխոսությամբ: Եվ ընտրությունն էլ ընդամենը քաղաքական պրոցես է: Մենք ռադիկալ զարգացումների, ծայրահեղ գնահատականների կողմնակից չենք: Եվ դրա համար է, որ ես այդ հայտարարության մեջ առկա տեսակետներն անվանեցի ամոթ:
– Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ չգնաց ընդհանուր հայտարարի ապագա վարչապետի հարցում, դրա համար էլ ԲՀԿ-ն դիրքորոշումը կոշտացրել է: Չէ՞ որ տարբեր հայտարարություններ վկայում են, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից վարչապետի պաշտոն էր պահանջում:
– Մենք երբեք պաշտոններ վաճառելով, պաշտոններ սրան-նրան նվիրելով, մութ գործարքների գնալով չենք զբաղվում: Մեր քաղաքականությունը հիմնված է ծրագրային դրույթների և պետության զարգացման տեսլականի վրա: Մենք չենք առաջնորդվում քաղաքականության մեջ այս կամ այն գործչի, այս կամ այն քաղաքական թիմի թվացյալ քաղաքական կապրիզներով: Քաղաքական կապրիզներով մեզ հետ չի կարելի խոսել:









































