Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի համար ավելի լավ կլինի՝ լքել ԵՄ-ն, եթե Դևիդ Քեմերոնն այդպես էլ չկարողանա պայմանավորվել բարեփոխումներ իրականացնելու հարցում: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Քաղաքապետի կազմած զեկույցում ասվում է, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայի տնտեսական կորուստներն աղետալի չեն լինի: Համենայնդեպս, դրանք նույնիսկ ավելի քիչ կլինեն, եթե ԵՄ-ում երկրի դիրքը չվերանայվի՝ կարծում է Ջոնսոնը:
Քաղաքապետը պատրաստվում է ԵՄ բարեփոխման վերաբերյալ 8 կետից բաղկացած ծրագիր ներկայացնել, որում հատկապես կներկայացվի, թե Մեծ Բրիտանիան ինչպես պետք է վերանայի իր տեղը ԵՄ-ում:
Դևիդ Քեմերոնը խոստացել է, որ եթե Պահպանողական կուսակցությունը հաղթի 2015թ. խորհրդարանական ընտրություններում, 2017թ. ԵՄ կազմից երկրի դուրս գալու հարցով հանրաքվե կանցկացվի:











































