Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը, Իրաքն ու Սիրիան սինխրոնիզացնում են իրենց ազգային էներգոհամակարգերը: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը տարեկան 5 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա և ինժեներա-տեխնիկական ծառայություններ է հատկացնում հարևան երկրներին: Նա հավելել է, որ Իրանի, Իրաքի ու Սիրիայի էներգոհամակարգերի սինխրոնիզացումն այդ համակարգը դարձնում է իսլամական աշխարհի ամենահզոր համակարգը:
Իրանի, Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի միջև կնքված պայմանագրերին համապատասխան, Իրանը տարեկան 2200-2500 մեգավատտ/ժամ էլեկտրաէներգիա է մատակարարում այդ երկրներին, ինչը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Իրանում էլեկտրաէներգիայի մշակման հզորությունը ներկայումս կազմում է մոտ 67 գեգավատտ:
Հիշեցնենք, որ նոյեմբերին էլ Իրանի էներգետիկայի նախարար Մաջիտ Նամժոուն հայտարարել էր, որ Իրանի էներգետիկայի նախարարությունը մասնավոր սեկտորին թույլատրել էր կառուցել էլեկտրակայաններ ու արտահանել էլեկտրաէներգիա, ինչը կարող է այլ երկրներից գործընկերներ ներգրավել:
Նամժոուն հավելել է, որ մոտ ապագայում Իրանը կսկսի էլեկտրաէներգիա արտահանել դեպի Լիբանան, ինչպես նաև պլանավորված է 6000 մեգավատտ-ժամ էլեկտրաէներգիա արտահանել Հնդկաստան ու Պակիստան, որից 4000 մեգավատտ-ժամ էլեկտրաէներգիան ներկրելու է Հնդկաստանը, իսկ 2000 մեգավատտ-ժամ էլեկտրաէներգիան՝ Պակիստանը:







































