Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ հաստատել է «Քաղբանտարկյալների ու քաղաքական հալածյալների մասին» նախագիծը: Դրա օգտին է արտահայտվել 77 պատգամավոր, իսկ դեմ՝ 14-ը:
Դրանով իսկ քաղբանտարկյալի կարգավիճակ է ստացել 190 մարդ, իսկ քաղաքական հալածյալի կարգավիճակ՝ 25 մարդ: Ըստ այդ նախագծի՝ Վրաստանի խորհրդարանը պետք է կարճ ժամանակահատվածում ապահովի տվյալ անձանց ազատումը պատասխանատվությունից ու պատիժներից կամ երաշխավորի նրանց իրավունքը՝ օգտվելու արդար դատարանից:
Քաղբանտարկյալների ցուցակում ընդգրկվել են քաղաքական տարբեր կուսակցությունների ու հասարակական շարժումների ներկայացուցիչներ և այլք: Քաղաքական հալածյալների կարգավիճակ ստացողների թվում են ընգրկվել նախկին նահանգապետեր, գործարարներ, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության նախկին պետ, Նինո Բուրջանաձեի ամուսին Բադրի Բիցաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին դուրս է մնացել քաղբանտարկյալների ցուցակից:










































