Լոս Անջելեսի արվարձանում ոստիկանությունը, ոչ առանց դժվարության, հսկա կրիա է բռնել, որը փորձել է թաքնվել ոստիկաններից, հայտնում է Los Angeles Times-ը:
Երկու ոստիկան նկատել են, որ Կալիֆոռնիա նահանգի Ալհամբրա քաղաքի փողոցով կրիա է գնում, որի քաշը 70 կգ է եղել:

Կրիան էլ նրանց է նկատել ու «փորձել է փախչել, սակայն մեր ոստիկաններն արագ են վազում»,- նշվում է քաղաքի ոստիկանության բաժնի Facebook-յան էջում:
Կրիային ուղարկել են կենդանիների կացարան, որտեղից նրան տարել են տերերը:

Պարզվել է՝ Կլարկ անունով կրիայի տերերը նրան պահելու արտոնագիր չունեն, բայց ոստիկանները դրա վրա աչք են փակել:
Բնական պայմաններում այդ տեսակի կրիաները բնակվում են Աֆրիկայի Սահարա անապատի հարավային սահմանի երկայնքով:

Պարբերականի հաղորդմամբ՝ Կալիֆոռնիայի կրիա սիրողների ակումբի անդամ Գերի Ուիլֆոնգը, դատելով արտաքին տեսքից, ասել է, որ Կլարկը 18-20 տարեկան արու է:








































