Գրեթե մեկ տարի ԲՀԿ-ի «անձնական դաժան «դիտողությանը ենթարկված Տիգրան Սարգսյանն ընկճված չէր ԲՀԿ-ի նոր եվրոպական հակումներից: Ըստ «Հրապարակ»-ի` սա ակնհայտ դարձավ Աժ-ում երեկվա նրա ճեպազրույցից: Մինչ բոլորովին վերջերս Եվրոհամակրանքի տիտղոսի մենաշնորհը վայելում էր Տիգրան Սարգսյանը, ինչը փոքր-ինչ սասանվեց, երբ ԲՀԿ պատվիրակությունը, բոլորի համար անսպասելի, ուղևորվեց Բրյուսել` եվրոշփումներ իրականացնելու: Ի՞նչ ավարով կվերադառնա ԲՀԿ-ն, արդյո՞ք նրան կհաջողվի Եվրոպայի սիրտը նվաճել: Այս հարցերն էին լրագրողներն ուղղում Տիգրան Սարգսյանին, սակայն նա կանխատեսումներից զերծ մնաց: Ավելին, իրեն բնորոշ խաղաղությամբ արձագանքեց իր աթոռի համար մղվող պայքարին առնչվող հարցերին և իր կառավարության հավանական վախճանին: Բարձր տրամադրությունն ու հումորը կարելի էր վերագրել բյուջեի «դժնդակ թեմայի» փակմանը: Արդյո՞ք չի խանդում իր եվրոբոստանը մտած Ծառուկյանին:
«Հարգելի գործընկերներ, առաջինը, ես կարծում եմ` ճիշտ չի, որ ՀՀ վարչապետը գնահատականներ տա պառլամենտում ներկայացված կուսակցությունների աշխատաոճին ու գործելակերպին, նրանց քայլերին: Նրանք օգտվում են բոլոր այն հնարավորություններից, ինչը համարում եմ շատ նորմալ ու տրամաբանական, երբ կուսակցությունները կապեր են հաստատում տարբեր երկրների իրենց գործընկերների հետ»:








































