ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալթերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեր Անդրյոյի (Ֆրանսիա) հետ իրենց խորին անհանգստությունն են արտահայտել շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ինտենսիվ աճի առնչությամբ, որը վերջին օրերին հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Նրանք ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և կիսել նրանց ծանր կորստի ցավը: Այս մասին տեղեկանում ենք կառույցի կայքում զետեղված հայտարարությունից:
ԵԱՀԿ գործող նախագահն ու Մինսկի խմբի համանախագահները հայտնել են, որ իրենց խորապես անհանգստացրել է փաստը, որ հստակ նշագրված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենան հայտնվել է կրակի տակ հայ-ադրբեջանական սահմանին մարդասիրական առաքելությամբ տեղի բնակչությանն աջակցություն ցուցաբերելու ժամանակ: Նրանք խստորեն դատապարտել են քաղաքացիական անձանց վրա կատարվող կանխամտածված հարձակումները և կրակի արձակումը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա և հիշեցրել կողմերին ժնևյան կոնվենցիաների շրջանակում նրանց պարտավորությունների մասին:
Նրանք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել հարգել հրադադարի համաձայնագիրն ու անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը լիցքաթափելու համար: Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունը միայն կդժվարացնեն ջանքերի շարունակումը՝ ուղղված տևական խաղաղության նվաճմանը: Նրանք նաև նախագահներին կոչ են արել հնարավորինս շուտ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, որոնք տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղության ու իրական հաշտության միակ ուղին են:










































