Ճապոնական Սասեբո քաղաքի (Նագասակի պրեֆեկտուրան երկրի հարավում) բարերի ասոցիացիան դիմել է քաղաքապետին` ավելի վաղ ընդունված արգելքը վերացնելու խնդրանքով։ Նշված արգելքով ամերիկացի զինծառայողներին չի թույլատրվում ալկոհոլ օգտագործել երեկոյան 11-ից հետո: Այս մասին այսօր հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
Ամերիկացի զինվորականների մասնակցությամբ երկրի հարավում տեղի ունեցած մի շարք պատահարներից հետո Ճապոնիայում ԱՄՆ ռազմական զորախմբի հրամանատարությունը ծովայիններին արգելել է միայնակ լքել իրենց բազաների տարածքները, պարետային ժամ է սահմանել և արգելել ալկոհոլ օգտագործել երեկոյան 11-ից մինչև առավոտյան 5-ը: Սակայն բարերի և ռեստորանների տերերի վկայությամբ` դա լրջորեն հարվածել է հաստատությունների բյուջեներին այն քաղաքներում, որտեղ գտնվում են ամերիկացի զինվորականների կացարանները: Իսկ փոքրիկ Սասեբոյում գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի խոշորագույն բազաներից մեկը:
Հոկտեմբերի կեսին հարավային Օկինավա կղզում 2 ԱՄՆ ռազմածովային էր ձերբակալվել՝ տեղի բնակչուհուն բռնաբարելու և կողոպտելու համար, որից հետո ամերիկյան ռազմական հրամանատարությունը պարետային ժամ էր հայտարարել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:







































