News Georgia-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արած հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Լավրովը երեկ հայտարարել էր, որ Թբիլիսին նախկինի նման Աբխազիան ու Հարավային Օսեթիան դիտարկում է որպես օկուպացված տարածքներ, և որ այդ հռետորիկան չի նպաստում առանց նախապայմանների երկխոսության սկսմանը: Այս կապակցությամբ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է.
«Պաշտոնական Թբիլիսին որևէ նախապայման չի ներկայացնում նոր ձևաչափով Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու համար: Այդ համատեքստում անհասկանալի կլինի, եթե Ռուսաստանը մեզանից պահանջի նախապայմանների շրջանակներում ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը:
Բնականաբար, արմատական տարաձայնությունները լավագույն ֆոնը չեն՝ հարաբերություններ սկսելու համար, սակայն բանակցությունները կարելի է սկսել տնտեսական, մշակութային ու այլ հարցերի լուծման շրջանակներում: Մենք հաստատում ենք, որ Ռուսաստանի հետ անպայման պետք է կարգավորել հարաբերությունները: Ստեղծված իրավիճակից անհրաժեշտ է դուրս գալ Ռուսաստանի հետ համատեղ ուժերով»:








































