Էդուարդ 7-րդ թագավորի անվան Լոնդոնի հիվանդանոցը, որտեղ այժմ բժիշկների հսկողության ներքո գտնվում է արքայազն Ուիլյամի հղի կինը՝ Քեյթ Միդլթոնը, հեռախոսազանգ է ստացել ավստրալական ռադիոկայանի աշխատակիցներից, որոնք ներկայացել են որպես թագուհի Էլիզաբեթ 2-րդ և արքայազն Ֆիլիպ,- հաղորդում է BBC News-ը:
Զանգահարողները բուժքույրերից տեղեկատվություն են ստացել դքսուհու առողջական վիճակի մասին:
Հեռախոսազանգը կատարվել էր երեքշաբթի՝ դեկտեմբերի 4-ին: Նման կերպ որոշել են կատակել 2Day FM ռադիոկայանի աշխատակիցները, նրանք դեռևս չեն մեկնաբանել իրենց այս արարքը:
Բժշկական հաստատությունում հավաստիացրել են, որ հիվանդների մասին տեղեկատվության գաղտնիությունը առաջնային է հիվանդանոցի համար: Քեյթ Միդլթոնին վերաբերվող հեռախոսային ձայնագրություններն այժմ մանրամասնորեն ուսումնասիրվում են:
Չի հաղորդվել՝ արդյոք հեռախոսային խուլիգանների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվե՞ն, թե՞ ոչ:









































