Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:
Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու համար:
Դավիթ Թամրազյանը աշխատել է որպես խոհարար, տիրապետել է մսագործության հմտություններին:
Նախաքննության սկզբում իրեն մեղավոր ճանաչած ամբաստանյալը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչում:
Նա հայտնել է, թե իր նախկին մտերմուհի Մ.-ի հետ ինտիմ կապը խզելուց հետո նրա հետ ինքը չի վիճաբանել, սեռական հարաբերություններ չի ունեցել, իսկ Մ.-ի սպանության մասին իմացել ու անակնկալի է եկել ոստիկանությունում 2013 թվականի մայիսի 8-ին՝ սպանության կատարման հաջորդ օրը:
Նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել բռնությունների, սպառնալիքների ազդեցության տակ և իր իրավունքները չիմանալով:
Ինքը սուտ ցուցմունք է տվել նաև, երբ ասել է, թե սատանայապաշտական խմբի անդամ է եղել: Սուտ ցուցմունք է տվել, որ պաշտպանի ինքն իրեն:
Հիմա էլ է պաշտպանում իրեն, բայց ճիշտն է ասում:
Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը շարունակում է դատարանում ցուցմունք տալ: Նա ցուցմունք է տալիս ամբիոնի մոտ կանգնած: Արդեն երկրորդ անգամ է ցուցմունք տալիս: Մեկ անգամ ցուցմունք է տվել նախկին պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի «օրոք»: Պատասխանել է կողմերի, այդ թվում՝ պաշտպանի բազմաթիվ հարցերին:
Հիմա էլ ցուցմունք է տալիս նոր պաշտպանի՝ Կրոմվել Գրիգորյանի միջնորդությամբ: Նոր պաշտպանական ստրատեգիայի ոգով:
Պաշտպանը հարցեր է տալիս քրեական գործի յուրաքանչյուր էջի ու տողի վերաբերյալ: Ու ամբաստանյալը երբեմն խճճվում է, չի հիշում, թե ինչ է ասել կամ ինչ պիտի ասեր:
Նախագահողը միջամտում է, հանում կրկնվող հարցերը: Մեղադրող Սարգսյանը տեղից դիտողություններ է անում՝ կոչ անելով չձգձգել գործի քննությունը:
Ամբաստանյալը երբեմն ամբիոնի մոտ իրեն չափազանց ազատ է զգում, գլուխը շրջում ու ժպիտներ է կիսում դահլիճի հետ: Նախագահողը նրան նկատողություն է անում…
Ահա այս փուլում է այս գործի դատական քննությունը:
Ամբաստանյալն ասաց, թե ինքը օրենքից չի հասկանում, ոստիկանները ինչ թելադրել, ինչ համոզել կամ ինչ պարտադրել են՝ ինքն արել ու գրել է:
Հետո ամբաստանյալը խճճվեց հետևյալ հարցի պատասխանում՝ ծանոթացե՞լ է ինքը քրեական գործի նյութերին:
Նախ կտրուկ ասաց, թե չի ծանոթացել:
Հետո նրան ցուցադրվեց իր իսկ գրությունը և ստորագրությունը, թե ստացել է քրեական գործի նյութերի պատճենները և չորս օր ժամանակ է խնդրում դրանց ծանոթանալու համար:
Այդ ժամանակ ամբաստանյալն ասաց, թե կիսատ-պռատ է ծանոթացել գործի նյութերին: Քննիչը իր քթի տակ թերթել է էջերը, այդքան բան: Գրությունն էլ մի քանի օր առաջ է գրել՝ նախկին պաշտպանի թելադրանքով. «Պաշտպանիս էդպես էր հարմար…»:
Տարօրինակ է, բայց ներկա պաշտպանական տակտիկայի մեջ մտնում է նաև նախորդ պաշտպանին վարկաբեկելը…
Երբ ամբաստանյալն ի վերջո ընդունեց, որ գործի նյութերի պատճեններն իրեն տրամադրել են, բայց ինքը կիսատ-պռատ է ծանոթացել դրանց, քանի որ այդպես է ցանկացել, մեղադրողը չդիմացավ ու պաշտպան Գրիգորյանին հարցրեց. «Ստիպեի՞ն, որ ծանոթանա գործի նյութերին, խնդրեի՞ն»:
Պաշտպանն ամբաստանյալին հարցրեց, թե ինչո՞ւ է նա դեպքից հետո՝ 2013 թվականի մայիսի 11-ին, գնացել իր վերջին ընկերուհի և այս գործով կարևորագույն վկա Միլենայի տուն:
Ամբաստանյալն ասաց, որ Միլենայի մայրը, ով միայնակ մայր է, հրավիրել էր իրեն, մորն ու քրոջը: Այդ կազմով գնացել են նրանց տուն, և պարզվել է՝ աղջկա մայրը կանչել է, որ ամուսնության առաջարկ անի Դավիթին: Ասել է՝ Դավո ջան, ամուսնացիր իմ աղջկա հետ:
Այս առաջարկին, ըստ Թամրազյանի, իր մայրը ո՛չ «հա» է ասել, ո՛չ՝ «չէ»: Ասել է շատ տրամաբանական բան՝ երեխաները ընկերություն են անում, թող անեն, բայց ամուսնության մասին խոսելու ժամանակը չէ:
Այդ հրավերի ժամանակ Միլենայենց տանն է եղել նաև նրա մոր ընկեր Ֆրունզը, ով Միլենայի կողմից աշխատեցվող «Հացատուն» խորտկարանի տերն էր…
Ֆրունզն ասել է՝ երբ ես միլիցիայի բաժին եմ մտնում, սաղ օպերաները ոտքի են կանգնում:
Ամբաստանյալը դա բացատրեց, որ Ֆրունզը բարձրաստիճան ոստիկանի խնամի է: Նախորդ ցուցմունքի մեջ էլ ասել էր՝ աներն է: Այսօր ամբաստանյալը չկարողացավ ճշտել, թե Ֆրունզը ոստիկանի ինչն է, ասաց՝ մի խոսքով՝ բարեկամն է…
Ամբաստանյալն իր պատմությունը տանում է այն ուղղությամբ, որ իր գլխին գործ են սարքել ոչ առանց Ֆրունզի «բարեկամական» ցուցումի…
Ըստ Թամրազյանի՝ Միլենան իրեն մի բան է ասել, որ չի տեղավորվել իր «մտածելակերպում»:
Միլենան, իբր, ասել է, թե ոստիկանությունում նրան երեք հազար դոլար են առաջարկել, եթե նա միայն զանգի Դավիթին ու հարցնի՝ հիմա դո՞ւ ես սպանել Մ.-ին:
Բայց Միլենան սկզբում չի գայթակղվել առաջարկված երեք հազար դոլարով ու հրաժարվել է զանգել Դավիթին:
Սակայն մայիսի 18-ին Միլենային զանգել են Դավիթն ու նրա քրոջ ամուսինը:
Վերջինս հեռախոսով Միլենային ասել է՝ քո ու մեր Դավոյի միջև ոչինչ չի կարա լինի: Միլենան էլ զայրացել է՝ ես էն աղջիկը չեմ, որ ինձ հետ տենց խոսեն, եկեք հանդիպենք:
Քրոջ ամուսնու հետ Դավիթը գնացել, տնից վերցրել է Միլենային, նստել են Բանգլադեշի մի սրճարանում: Փեսան շատ կոպիտ ասել է, որ Միլենան Դավիթի հետ գործ չունենա. «Դու էն աղջիկն ես, որ Դավոյին խաբում ես, տակդ կեղտոտ է, ուզում ես փաթաթվել Դավոյի վզին…»:
Միլենան շատ ազդվել է, լաց է եղել: Հուզվել է նաև Դավիթը: Նա խղճացել է Միլենային, ուղեկցել է տուն, ասել է՝ ես էդպես չեմ մտածում:
Բայց Միլենան ասել է. «Ես քեզ տենց չէի ճանաչում: Դու ինձանից չփոշմանես»:
Ահա թե ինչու է Միլենան, Դավիթի ասելով, ցուցմունք տվել իր դեմ, իրեն մեղադրել սպանության համար: Զուտ կանացի խանդ ու զայրույթ է…
Դավիթ Թամրազյանը պաշտպանի հարցին պատասխանեց, թե ոստիկանության բաժնում տեսել է սպանված Մ.-ի մորաքրոջը: Վերջինիս հարցաքննում էին հարևան սենյակում:
Եվ Դավիթը, ում հետ դեռ լավ էին վերաբերվում ոստիկանությունում, «Դավո ջան» էին ասում, հանգիստ վեր է կացել, գնացել կողքի սենյակը ու ականատես եղել՝ ինչպես է ոստիկանը ուժգին չափալախ տվել Մ.-ի մորաքրոջը, ու վերջինս ընկել է հատակին: Օպերներից մեկն էլ Դավիթին ուղարկել է ծեծված կնոջ համար մի բաժակ ջուր բերելու… Ահա այսպես «հրապարակայնորեն» է «գործել» ոստիկանությունը՝ ըստ Դավիթ Թամրազյանի:
Ամբաստանյալի այս պատկերավոր պատմությունները և պաշտպանի հարցերը հերթական անգամ զայրացրին մեղադրողին: Նա դիմեց պաշտպան Գրիգորյանին. «Թամրազյանն իրեն անմեղ է պատկերացնում, լուրջ հարցեր տվեք նրան»:
«Ես չեմ պատկերացնում, տենց էլ կա»,- պատասխանեց սպանության համար մեղադրվող, իրեն տվյալ պահին շատ ինքնավստահ զգացող ամբաստանյալը, գլուխը շրջեց դեպի դահլիճն ու… ժպտաց:
Մեղադրողն ասաց. «Գրիգորյանը լավ փաստաբան է , բայց թեթև ժանրի հարցեր է տալիս, ուզում եմ, որ իրավաբանական առումով ծանրակշիռ հարցեր տա»:
Պաշտպանը Թամրազյանին հարցրեց՝ նրան մայիսի 19-ին բերման ենթարկելով՝ զգուշացրե՞լ են ոստիկանության բաժնում, որ սահմանափակում են նրա ազատությունները:
Թամրազյանն անմիջապես կտրուկ պատասխանեց՝ ոչ:
Թամրազյանին ցույց տվեցին զգուշացման թերթիկը, որը նա նույնպես ստորագրել էր:
Ամբաստանյալն ասաց, թե ստորագրել է առանց հասկանալու: Իրեն չեն ասել. «Դավո ջան, քո ազատությունները՝ ֆսյո…»: Ինքն էլ չի հասկացել…
Թամրազյանը պատմեց, թե ինչպես են իր ճանաչմանը ներկայացրել իրենց տնից առգրավված դանակները:
Նախ՝ առգրավել են ինը դանակ, ճանաչման են ներկայացրել երկու դանակ, իսկ արձանագրության մեջ, որը ստորագրել է Թամրազյանը, նշված է՝ չորս դանակ:
Թամրազյանն ասում է՝ ոստիկանն իրեն ասել է, թե որ դանակի վրա դնի իր մատն ու ասի՝ սա է, սրանով սպանել եմ Մ.-ին: Ինքն այդպես էլ արել է:
Դանակներն իրեն ծանոթ էին, իրենց տան դանակներն էին:
Ըստ արձանագրության՝ ինքը ճանաչել է ձախից չորրորդ դանակը՝ դանակի տեսքից, սև բռնակից, սև բացիչից, երկսայր լինելուց:
Այդ հատկանիշներո՞վ ճանաչեցիք դանակը՝ հարցրեց նախագահողը:
Դավիթ Թամրազյանը զարմացավ ուանկեղծորեն ժպտաց. «Բայց դանակը կորած չէր, որ ճանաչեի…»:
Ամբաստանյալը պաշտպանի հարցից հետո ասաց, թե ներկայացրել են երկու դանակ, ասել են՝ բացիչով դանակի վրա մատդ կդնես: Դա փոքր դանակ է եղել, իսկ երկրորդ դանակը իր պապի շաուրմայի դանակն է եղել՝ շատ մեծ, շատ քյոռ ու առանց բացիչի…
Պաշտպանի հարցին ամբաստանյալը պատասխանեց, որ տուժող Մ.-ի՝ մարմնավաճառ լինելը, շատ հաճախորդների հանդիպելը ինքն իմացել է սպանությունից հետո, Մ.-ի հետ ապրող ընկերուհուց: Վերջինս ասել է, թե ինքն ու Մ.-ն տղամարդկանց հետ հանդիպումներ են ունեցել 19-20 հազար դրամով:
Մ.-ի՝ մարմնավաճառությամբ զբաղվելու վերաբերյալ պաշտպանի հարցերը բորբոքեցին տուժողի իրավահաջորդին՝ Մ.-ի մայրիկին:
Նա հունից դուրս եկավ, զայրացած բացականչություններ արեց, նաև ասաց, որ Թամրազյանը ոչ մի իրավունք չուներ իր դստեր կյանքը խլելու, եթե անգամ նա անբարոյական լիներ…
Պաշտպան Գրիգորյանի հարցերն իր պաշտպանյալին անսպառ են թվում: Միայն թե այդ հարցերից սկսել է խճճվել հենց ամբաստանյալը…











































