Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը.
«Ոչ վաղ անցյալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան: Թուրքիան ողջունում է համանախագահների գործունեությունը, սակայն ավելի քան 20 տարվա ընթացքում չի ընդունվել որևէ լուրջ որոշում: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շուտափույթ գտնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված զինադադարը չպետք է ընդունվի որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորում: Անհրաժեշտ է շուտափույթ լուծել Ղարաբաղյան հիմնահարցը»:






































