ՀՀԿ-ի հետ Մարտի 1-ի հանձնաժողովի վերաբերյալ ՀԱԿ-ի պայմանավորվածությունն ու այդ երևույթի հանդեպ ԲՀԿ-ի խանդը վկայեցին, որ նախագահական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունենում որոշակի բրոունյան շարժում, այսինքն` անկանոն մի խառը մրցավազք, երբ կողմերը փորձում են տարաբնույթ, խաչաձև երաշխիքներ ունենալ իրենց համար:
Այս իրավիճակը, ըստ ամենայնի, պայմանավորված է նրանով, որ ներքաղաքական դաշտում գործող հիմնական սուբյեկտները այդպես էլ չեն ստացել կամ ստանում արտաքին հստակ ազդակներ, կամ էլ կորցրել են այդ ազդակների հույսը, դրանցում չեն տեսել իրենց համար որոշակի լուսավոր հեռանկար: Մասնավորապես, առաջին հերթին հատկանշական է, իհարկե, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի փոխադարձ խանդի դրսևորումը: Ռուսական դաշտում խաղացող այս ուժերը հանկարծ բավական տարամետ դրսևորումներ ունեցան` ԲՀԿ-ն ճամպրուկները հավաքեց դեպի Բրյուսել, ՀԱԿ-ն էլ գնաց դեպի ՀՀԿ, իսկ հընթացս էլ միմյանց մեղադրեցին ինչ-որ անհեռատեսության կամ Սերժ Սարգսյանի ստրուկը լինելու համար: Սա կարող է վկայել այն մասին, որ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, որոշել է անմիջական միջամտություն չունենալ Հայաստանի նախագահական ընտրությունների շեմին ծավալվող ներքաղաքական գործընթացներին, այլ ընդամենը հետևել հեռվից` իր համար ապահովելով ընդամենը ընդհանուր երաշխիքներ: Կամ, ավելի շուտ, սա նշանակում է, որ Ռուսաստանը անհրաժեշտություն չի տեսնում Սերժ Սարգսյանին փոխել և իշխանության բերել ՀԱԿ-ԲՀԿ տանդեմին:
Այդ հարցում Մոսկվայի զսպվածությունը կարող է պայմանավորված լինել երկու կարևոր հանգամանքներով: Նախ` Մոսկվան այլևս միանձնյա ի զորու չէր հարցեր լուծել հայաստանյան իշխանական երկնակամարում և հաշվի պետք է առնի նաև Արևմուտքի շահերն ու հետաքրքրությունները: Իսկ Արևմուտքը բավական բաց կերպով է իր աջակցությունը հայտնում Սերժ Սարգսյանին, և այստեղ, առնվազն նախագահական ընտրությունների կտրվածքով, Սարգսյանը կարծես թե կարողացել է գտնել այն հարմարավետ բալանսը, որ հնարավորություն կտա անվտանգ զգալ թե՛ մոսկովյան, թե՛ արևմտյան ուղղություններից:
Արևմուտքի աջակցությունը Սերժ Սարգսյանի հանդեպ ավելի խորացրին հենց ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն` բացահայտորեն գործելով ռուսական դաշտում և Սերժ Սարգսյանին հնարավորություն տալով Արևմուտքում ներկայանալ որպես այդ ուղղության աշխարհաքաղաքական շահերի միակ հուսալի պաշտպանը Հայաստանում, որի նախագահությունը եթե չապահովվի, ապա իշխանության կգան պուտինյան ուժերը, և այդ դեպքում արդեն Հայաստանում Արևմուտքը կունենա շատ լուրջ խնդիրներ: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի մարտավարությունը Սերժ Սարգսյանին օգնեց իրավիճակը այդ տեսանկյունով ներկայացնել Արևմուտքում և ստանալ աջակցությունը: Իսկ նկատի առնելով նաև այն, որ Ռուսաստանն ընդհանրապես գտնվում է աշխարհաքաղաքական նահանջի փուլում և ստիպված է շատ հարցերում փոխզիջման գնալ Արևմուտքին, պետք է արձանագրենք, որ Մոսկվան չի կարող Հայաստանում հաշվի չառնել Արևմուտքի կարծիքը: Մյուս հանգամանքը, որի հետևանքով Մոսկվան կարող էր հրաժարվել ՀԱԿ-ԲՀԿ տանդեմին իշխանություն բերելու մտքից կամ չհարել այդ մտքին, ի վերջո, այն է, որ տանդեմն ինքնին բավական հակասական է: Կա փոխադարձ մեծ անվստահություն: Իշխանափոխության պարագայում Ռուսաստանը, փաստորեն, հայտնվելու էր անհարմար մի իրավիճակում, երբ պետք է պարբերաբար բաժաներ ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին, որոնք չէին կարողանալու բաժանել իշխանությունը: Կամ այդ բաժանումը պետք է լիներ այնպիսին, որ Հայաստանում, ըստ էության, առավել խորացնելու էր իշխող համակարգի և հանրության անջրպետը` դառնալով ական այդ տանդեմին իշխանության բերած Ռուսաստանի ոտքի տակ:
Այս հեռանկարները հաշվի առնելով էլ` Մոսկվան երևի թե որոշեց պարզապես տանդեմին պահել որպես մահակ Սերժ Սարգսյանի գլխին, իսկ իշխանության բերելու հարցում առնվազն չշտապել: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջև վերջին ամիսների ջերմացող հարաբերության մեջ անվստահության վերջին օրերի դրվագները պայմանավորված են երևի թե հենց նրանով, որ այդ ուժերի համար պարզ դարձավ` Ռուսաստանն իրենց չի բերելու իշխանության: Դրանից հետո արդեն տեղի է ունենում երկու ուժերի հարաբերության տրամաբանության էական փոփոխություն, ինչով էլ պայմանավորվում է նրանց վարքի փոփոխությունը:
ՀԱԿ-ն սկսում է ԲՀԿ-ին այլընտրանք որոնել` ի դեմս ՀՀԿ-ի, քանի որ առավելապես կախյալ ուժ է դարձել և այլևս ի զորու չէ առանց ավելի ազդեցիկ «քարշակի» շարժվել քաղաքական գործընթացներում, իսկ ԲՀԿ-ն էլ սկսեց Ռուսաստանին այլընտրանք որոնել Բրյուսելում: Այս իրավիճակն, անշուշտ, կարող է նաև փոխվել, առավել ևս, որ մենք տեսնում ենք, թե ինչպես արագորեն փոփոխության ենթարկվեց նախկին իրավիճակը, և արդեն միարժեք չէ ՀԱԿ-ԲՀԿ «միասնական» մոդելի հեռանկարը: Այսինքն` արագ փոփոխությունը բերելով անփոփոխության հեռանկարի, իրականում ամենևին չի երաշխավորում այդ հեռանկարի հարատևությունը, այլ հուշում է, որ կարող են նաև նորանոր արագ փոփոխություններ լինել: Բայց այստեղ արդեն իրավիճակը գտնվում է Սերժ Սարգսյանի ձեռքում, երբ ամեն ինչ կախված կլինի նրա ճիշտ կամ սխալ գործողություններից:
Եթե իրավիճակը նկարագրենք ֆուտբոլային պատկերով, ապա ստեղծվել է մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանի հետագա ընթացքը «մրցաշարային» ուղով կախված է բացառապես այն բանից, թե ինչպես կխաղա ինքը, այսինքն` ինչ արդյունք ցույց կտա ինքը, իսկ թե մյուս խաղում ինչպես կխաղան մրցակիցները` դա նրա համար արդեն ճակատագրական չէ: Իսկ ահա մրցակիցների համար հակառակ վիճակն է և ինչքան էլ մնացած ժամանակում լավ արդյունք ցույց տան նրանք, միևնույն է` դա քիչ է լինելու և անհրաժեշտություն են ունենալու սպասել Սերժ Սարգսյանի սխալին կամ վրիպումին, որը չի ներվի Ռուսաստանում, և Մոսկվան կորոշի վերակազմակերպել ՀԱԿ-ԲՀԿ գործընթացը:











































