McAfee ընկերության հիմնադիր Ջոն Մաքաֆին (John McAfee), որը կասկածվում է Բելիզում իր հարևանին սպանելու մեջ, ապաստան է խնդրել Գվատեմալայից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով նրա փաստաբանին:
Մաքաֆիի փաստաբան Տելեսֆորո Գուերան հայտնել է, որ իր պաշտպանը հատել է Գվատեմալայի սահմանն այս հանգստյան օրերին:
Փաստաբանի խոսքով՝ Բելիզում Մաքաֆին քաղաքական հետապնդման է ենթարկվել, քանի որ հրաժարվել է ֆինանսավորել տեղի իշխանություններին:
Գուերան հավելել է, որ միջնորդություն է ներկայացնելու Մաքաֆիին Գվատեմալայում քաղաքական ապաստան տրամադրելու համար:
67-ամյա ամերիկացին նոյեմբերի կեսից հետախուզվում է Բելիզի ոստիկանների կողմից: Նա կասկածվում է իր հարևանին՝ 52-ամյա Գրեգորի Ֆոլային սպանելու համար:
Մաքաֆին հերքում է իր մեղքը, սակայն պնդում է, որ ստիպված է թաքնվել, քանի որ չի վստահում Բելիզի իշխանություններին:
Մաքաֆին 1980-ականներին հիմնադրել է McAfee ընկերությունը, որը թողարկում է հակավիրուսային ծրագրեր:
1990-ականներին նա վաճառել էր բիզնեսը և մեկնել Բելիզ:








































