Ամերիկայի ներգաղթի իշխանությունները կքննարկեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբորն արտահանձնելու մասին որոշումը, որը կայացվել է 20 տարի առաջ: Այս մասին հայտնել են Միգրացիայի ու մաքսային հսկողության ներկայացուցիչները:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 68-ամյա քենիացի Օնիանգո Օբաման գտնվում է ԱՄՆ տարածքում անօրինական կերպով. միգրացիոն դատարանը վճռել էր, որ նա պետք է լքեր երկիրը դեռ 1992թ.:
Մինչ այս Օբամայի փաստաբանները որոշումն անվանում էին «տեխնիկական սխալ» ու որոշել էին բողոքարկել վճիռը, փոխանցում է ITAR-TASS-ը:
Հայտնի է, որ Օնիանգո Օբաման ԱՄՆ է եկել 1963թ. 17 տարեկանում՝ սովորելու Քեմբրիջի էլիտար դպրոցում: Նա պետք է լքեր երկիրը մինչ 1970թ., սակայն չի արել դա:
Վերջինիս միգրացիոն խնդիրները, որը ներկայիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանգուցյալ հոր խորթ եղբայրն է, նորից իրենց մասին հիշեցրեցին 2011թ. օգոստոսին, երբ նա անսթափ վիճակում մեքենա վարելիս կանգնեցվել էր Բոստոնի արվարձանում:










































