Ռուսական ITAR-TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ավարտից հետո անդրադարձել է Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Մոսկվան Թբիլիսիից կոնկրետ առաջարկներ է ակնկալում Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար: Վրաստանի նոր իշխանությունները հայտարարում են, թե ցանկանում են կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք այդ մասին լսել ենք ԶԼՄ-ներից: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե նրանք կոնկրետ ինչպես են պատրաստվում դա անել:
Վրաստանի այն հայտարարությունները, թե Աբխազիան և Հարավային Օսիան օկուպացված տարածքներ են, չի նպաստում առանց նախապայմանների Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելուն: Ռուսաստանը երբեք չի խուսափել Վրաստանի հետ շփումներից: Վրաց ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ է: Մենք շատ ընդհանուր բան ունենք և՛ պատմության, և՛ մշակույթի, և՛ հումանիտար կապերում:
Ռուսաստանը չի նախաձեռնել դիվանագիտական հարաբերությունների խզումը: Մեզ համար որևէ խնդիր չկա: Գլխավորն այն է, որ մենք հասկանանք համատեքստը, որում կիրականացվի դա (երկխոսության վերականգնումը)»:









































