«Հրապարակ»-ը գրում է, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայ հանրությանը կամ, ինչպես արդիական է նախագահական ընտրությունների շեմին ասել, իր չորս հարյուր հազարից ավելի էլեկտորատին ապշեցրեց երկու բանով: Նախ, որ «ուղնուծուծով» ռուսամետ, ավելի շուտ` բելառուսամետ ուժն էլ ինչ- որ պահի կարող էր Բրյուսել հասնել ու եվրոպացիների «դաբրոն» կորզելուն ուղղված քայլ աներ, և երկրորդը` որ կարելի է «բարեգործություն» անել, ապա որոշ ժամանակ անց նվիրաբերածը ետ վերցնել: «ԲՀԿ-ն տրակտորները ետ է տարել» թեմային «Հրապարակը» երեկ անդրադարձել է: Խորհրդարանական ընտրություններից առաջ Արարատի մարզի մի շարք գյուղեր ուղարկված ընտրակաշառք տրակտորները մեկ ամիս անց, տարբեր պատճառներով անհետացել են: Ըստ գյուղացիների, ԲՀԿ-ն արդեն Գյումրիի քաղաքապետի ընտրությանն ընդառաջ այդ գյուղերից տրակտորները հետ է ուզել ու տարել Գյումրի: Այս մասին թերթի հետ զրույցում հաստատել էր նաև Ուրցաձորի գյուղապետը: Ինչին ի պատասխան` ԲՀԿ խոսնակը հայտարարեց, որ հնարավոր է տեխնիկան արդյունավետ չեն օգտագործել, և դա է նվերը ետ վերցնելու պատճառը: Թե նախագահական ընտրություններից առաջ տրակտորների վերջին հանգրվանը որտեղ է լինելու, «Հրապարակ»-ը փորձեց պարզել ԲՀԿ-ական պատգամավորներից, որոնց համար մարդը վերջին ամիսների ընթացքում բարձրագույն արժեք է դարձել, և այդ մասին շարունակ հայտարարում են: Մինչ այլընտրանք դառնալը, ՀՀԿ-ի պես իրենք էլ մարդու նկատմամբ, որպես բարձրագույն արժեքի, քիչիկ մը սուբյեկտիվ վերաբերմունք ունեին: Իսկ երեկ արդեն Ծաղիկ Ռուբոն այս արժեքներից էր խոսում: Նա Աժ բարձր ամբիոնից երեկ վերստին իր պոետիկ ոգով ծաղկեցրեց հայոց վիշտը և այդ վշտի հորձանուտում` Գագիկ Ծառուկյանի առաքելությունը: Երբ հայ ժողովրդի դարդով տապակված պոետը դուրս եկավ դահլիճից, թերթի թղթակիցը հարցրեց, թե ինչու են խտրականություն դնում ժողովրդի մեջ, և ինչու Արարատի ժողովուրդը մասամբ զրկվեց տրակտորներից: Բարի գործի երգիչն արդարացավ, թե խնդրից տեղյակ չէ:
– Պարոն Գևորգյան, իսկ ինչո՞ւ Ձեզ` ԲՀԿ ինտելիգենցիայի ներկայացուցչին չեն տարել Բրյուսել:
– Դե, ամբողջական կազմով չէինք կարող գնալ, հետո` մեր մոտ ամեն ինչ կանոնակարգված է:
– Բայց չէ՞ որ Դուք Ձեր կուսակցության մտավորականության ներկայացուցիչն եք, եթե ոչ կարկառուն մտավորականը:
– Ես չեմ կարծում, որ գնացողները կարկառուն դեմքեր չեն:
– Բայց Ձեր գեղարվեստական խոսքի կարիքը կզգացվեր, չէ՞, Բրյուսելում:
– Ամենևին, ամեն մեկն իր տեղում է գեղեցիկ:
– Իսկ ինչո՞ւ է պատվիրակությունը մեկնել Բրյուսել:
– Ես չգիտեմ, հարցազրույց չեմ տա:
– Ծառուկյանը նախագահ դառնալու ի՞նչ շանսեր ունի:
– Կարող եմ ասել, որ Ծառուկյանը երկրի ճակատագրողի բարձր տեսակ է:
ԲՐՅՈՒՍԵԼԸ ՈՐՔԱՆ ԶԱՎԵՇՏԱԼԻ Է, ՆՈՒՅՆՔԱՆ ԷԼ ՑԱՎՈՏ է ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ
Թեև իշխող ՀՀԿ-ում արտաքուստ հումորով են խոսում Գագիկ Ծառուկյանի խմբի բրյուսելյան այցի մասին, սակայն ակնհայտ է, որ այստեղ մեծ ցավ են ապրում ու տագնապած են: Դա մասնավորապես արտացոլված էր Կարեն Ավագյանի ելույթում, որտեղ ասվում էր, թե քաղաքական նպատակներով եվրոպական վոյաժներն ավարտվել են 2008-ին: «2008-ի նախագահական ընտրությունների շեմին ընդդիմադիր որոշ գործիչներ ճամփորդում էին արտասահմաններում` տպավորություն ստեղծելով, թե գնացել են դրսերում նախագահական «դաբրոներ» ստանալու համար: Այս տարի կարծես թե մեր ընդդիմադիրները որոշել են այս տեխնոլոգիան չկիրառել: Համենայնդեպս, քաղաքական թեմաներով արտասահմանյան վոյաժների ականատես չենք լինում»,-թղթից կարդաց փուչիկների մեծ մասնագետը: Ապա, առանց անուն մատնանշելու, քլնգեց թագավորական կարգերի հաստատման փորձերն ու չարդարացված բարձր ամբիցիաները:











































