Ճապոնիայի Տոխոկու համալսարանում որոշել են հարբեցողության պատճառով ուսանողներին վռնդել հանրակացարանից: Հիմնականում դրանք առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներ են: Նրանք պետք է հանրակացարանը լքեն մինչև սեպտեմբերի 1-ը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ուսումնական հաստատության ղեկավարությունն այսպիսի որոշում է կայացրել հարևանութամբ ապրող դասախոսների և ուսանողների բազմաթիվ դժգոհությունների և բողոքների պատճառով: Պրոֆեսորները տեղեկացրել են, որ երեկոյան իրենց ուսանողներին հարբած վիճակում են տեսել:
Մյուս ուսանողներն էլ բողոքել են, որ երեկույթների ժամանակ երիտասարդները շատ են աղմկում: Եղել են նաև ալկոհոլից թունավորվելու դեպքեր:
Սակայն ուսանողները դեմ են հանդես եկել ղեկավարության այդ որոշմանը: Նրանց կարծիքով՝ հանրակացարանից վռնդվածներից մի քանիսն ընդհանրապես մեղք չունեն: Նրանք այդ ցուցակում պատահաբար են հայտնվել:
Ճապոնիայի բուհերի հանրակացարաններում ալկոհոլ օգտագործելն արգելված է: Սակայն վերջին շրջանում այս կանոնը հաճախ են խախտում: Դրա պատճառն այն է, որ ալկոհոլ են վաճառում նույնիսկ նրանց, ովքեր դեռ չափահաս չեն (Ճապոնիայում այդ տարիքը 20 տարեկանն է համարվում):












































