ԱՄՆ-ի 5-րդ նավատորմը Պարսից ծոցի շրջանում ոչ մի անօդաչու թռչող սարք չի կորցրել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան ռազմածովային ուժերի հրամանատարությանը:
Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալի Ֆադավին ավելի վաղ հաղորդել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը ScanEagle տեսակի անօդաչու սարք է որսացել, որը հետախուզական գործունեություն է իրականացրել իսլամական հանրապետության ջրային տարածքներում:
Իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքը կադրեր է տարածել, որտեղ պահակազորի երկու սպաներ ուսումնասիրում են այդ սարքը: Իրանցի զինվորականների կարծիքով՝ անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, արձակվել էր ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող նավից:








































