ՀՀԿ-ն արդար ընտրություն կարող էր անցկացնել միայն նախորդ կեղծարարներին կալանավորելու դեպքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Հրազդան քաղաքում փետրվարին կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ տուն առ տուն տասը հազար դրամ մեկ ձայնի համար բաժանեցին: Լցոնումներ չկային, բայց միևնույն է` կեղծեցին, այդ անգամ էլ ընտրակաշառքների միջոցով: Տեսան` անցավ, նույն բանն արեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Եթե այդ փող բաժանող սրիկաները չեն կալանավորվել, ուրեմն նույն մեխանիզմն իրականացրել են նաև Գյումրիում և Ավանում: Եթե ՀՀԿ-ն ցանկանում էր թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում մաքուր ընտրություն անցկացնել, ապա նախ պետք է Հրազդանում կաշառք բաժանողներին կալանավորեր: Եթե չի արել, ուրեմն նույն սխեման են շարունակել Հայաստանի մեկ միլիոնից ավելի ժողովրդին արտագաղթի մղողները»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, վրդովվելով Գուրգեն Եղիազարյանի խոսքից, պնդեց` եթե նա ապացույցներ չներկայացնի, ապա դատի կտա նրան` հերյուրանքներ տարածելու համար:
«Եթե որևէ մեկը փորձի նման հերյուրանքներ տարածել` առանց փաստեր ներկայացնելու, ապա դատական ատյաններում պատասխան է տալու: Հրապարակավ սուտ խոսելու ժամանակներն անցել են. ես դատի կտամ այն մարդուն, ով նման հերյուրանքներ կտարածի: Մենք ազատ ու թափանցիկ ընտրություններ ենք անցկացրել»,- հայտարարեց նա:











































