Դեկտեմբերի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Շնորհավորելով զրուցակցին Վրաստանի պաշտպանության նախարարի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը:
Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար: Նշել, որ պաշտպանության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ` ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:
Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք են հայտնել երկու պետությունների միջև առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Դեսպան Մանուկյանը նախարար Ալասանիային փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը և Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է վրաց նախարարի կողմից:









































