Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թեմիզ դունյա» (Մաքուր աշխարհ) հասարակական միավորման ղեկավար Մեհրիբան Զեյնալովան հայտարարել է, որ կանանց հանդեպ կենցաղային բռնությունների հարցն Ադրբեջանում շարունակում է մնալ այժմեական.
«Թեև այս տարի իրենց տներում սպանվել են 54 կանայք՝ նախորդ տարվա 135 կանանց դիմաց, այնուամենայիվ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց 78 տոկոսն իրենց ընտանիքներում ենթարկվում են կենցաղային բռնությունների: Կենցաղային բռնությունները ստանում են լուրջ բնույթ, ինչին նպաստում են առկա օրենսդրական խնդիրները:
Բացի այդ, այդ մասին բողոքները հաճախ լրջորեն չեն ընդունվում ոստիկանության կողմից: Այս տարի ոստիկանությունը ստացել է այդօրինակ ավելի քան 900 բողոք, ինչը, սակայն, չի արտացոլում բողոքների քանակի ամբողջական պատկերը:
Ինչ վերաբերում է սպանություններին, ապա դրանց մեծ մասն իրականացվում է պատվի պաշտպանության հողի վրա, երբ սեփական պատվի պաշտպանության համար աղջիկներին ու կանանց սպանում են կացնով: Անհրաժեշտ է այս գործընթացում ներառել հոգեբաններին ու սոցիոլոգներին, ինչպես նաև կանանց հանդեպ բռնություններ գործադրելու համար սահմանված տուգանքի չափը հասցնել 3000-5000 մանաթի»:








































