RBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիան Ռուսաստանին խնդրել է 3 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել գազի մատակարարումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Վերջինիս խոսքերով՝ «Գազպրոմը» դիտարկելու է Թուրքիային գազամատակարարման ծավալի ավելացման հարցը, ինչը կարող է իրականացվել կա՛մ «Երկնագույն հոսք» գազատարով, կա՛մ էլ «Արևմտյան» (Անդրբալկանյան) գազատարով. «Թուրքիան բախվում է գազի սպառման աճի խնդրին, ինչի համար էլ խնդրում են մոտ հեռանկարում 3 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել գազի մատակարարման ծավալը:
Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է մեծացնել գազատարների թողունակությունը: Թուրքիայի հետ արդեն իսկ կնքված են գազային բոլոր համաձայնագրերը, այդ թվում՝ նաև երկարատև: Գործող պայմանագրերով նախատեսված է Թուրքիային տարեկան մատակարարել 30 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս տարի Թուրքիային ռուսական գազի մատակարարումները կազմելու են 27 միլիարդ խորանարդ մետր»:











































