ԱՄՆ պետդեպարտամենտը կիրակի հրապարակել է հետախուզական տվյալներ, որոնք, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պնդմամբ, հաստատում են նրա մեղադրանքները Ուկրաինայի տարածքը Ռուսաստանի կողմից գնդակոծելու, ինչպես նաև այն մասին, որ Ռուսաստանը ծանր սպառազինություն է մատակարարում ապստամբներին։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։
ԱՄՆ հետախուզական տվյալները չորս արբանյակային լուսանկարներ են, որոնցում, պետդեպարտամենտի հայտարարությամբ, կարելի է տարբերել ռուսական հրետանին և համազարկային կրակի սարքավորումները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի տարածքում։ Լուսանկարները թվագրված են ընթացիկ տարվա հուլիսի 20-26-ով։
Առաջին սլայդը, պետդեպարտամենտի պնդմամբ, ցույց է տալիս գետնին ռուսական տարածքից ուկրաինական զինվորական ստորաբաժանումների ուղղությամբ արձակված հրթիռներից առաջացած նշաններ։ Երկրորդում իբրև թե նշված են ռուսական ինքնագնաց հրետանու դիրքերը՝ ուղղված Ուկրաինայի կողմը։ Երրորդում պատկերված են ուկրաինական զինմասի ռմբակոծման հետևանքները։ Չորրորդում նշված են հետքեր գետնի վրա սահմանի ռուսական կողմից, որոնք, ԱՄՆ հայտարարությամբ, համազարկային կրակի համակարգերի «զանգվածային» օգտագործման հետևանք են։







































