Եվրոպային անհրաժեշտ է երկխոսել Ռուսաստանի հետ, սակայն պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը «ճիշտ պատասխանն է» Ուկրաինայի վերջին իրադարձություններին: Այս մասին Spiegel պարբերականին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Ես չգիտեմ՝ Ռուսաստանը ցանկանում է լինել մեր գործընկե՞րը, թե՞ մեր թշնամին: Սակայն ցանկացած դեպքում այն կմնա Եվրոպայի հարևանը: Իսկ հարևանները պետք է կարողանան միմյանց հետ խոսել: Հենց այդ պատճառով էլ մեր կուրսը ճիշտ է՝ մենք խստացնում ենք ճնշումը, սակայն պատրաստ ենք մնում Ռուսաստանի հետ հակամարտության թուլացման բանակցություններին»,- ասել է նա:
Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ Եվրոպայի պատժամիջոցները կարող են «ինչպես շատ արագ խստացվել, այնպես էլ նույն արագությամբ թուլանալ, եթե Ռուսաստանը սկսի շարժվել»՝ նկատի ունենալով Ռուսաստանի ներդնելիք ջանքերը ուկրաինական ճգնաժամի լուծման գործում:










































