Բրիտանացի և իռլանդացի բուքմեյքերները ընդունում են թագավորական տան առաջնեկի հետ կապված խաղադրույքները, որի շուտով լույս աշխարհ գալը հաստատել է Բրիտանիայի թագավորական ընտանիքը,- հայտնում է RIA Novosti-ն:
Սպասվում է, որ դուքս և դքսուհի Ուիլյամի և Քեթրինի առաջին երեխան լույս աշխարհ կգա մոտավորապես 2013-ի սկզբին: Բուքմեյքերական ընկերությունները սկսել են այդ իրադարձության տարբեր ասպեկտներով խաղադրույքներ ընդունել:
Ցանկացողները կարող են խաղադրույք կատարել ապագա երեխայի սեռի վրա, նրա մազերի գույնի, ծնվելու շաբաթվա օրվա և ժամի, ծնվելիս քաշի, թե ովքեր կլինեն նրա կնքահայրը և կնքամայրը և այլնի վրա, Betfred և StanJames բուքմեյքերական ընկերությունները՝ նույնիսկ ծննդաբերության ժամանակ մոր ցավերի տևողության վրա:
Բուքմեյքերների ամփոփած տվյալներով` Ուիլյամի և Քեթրինի ապագա երեխան պետք է լինի. մուգ մազերով տղա, ծնվելիս 3,2-3,6 կգ քաշով: Ամենահավանական անունների շարքում են Ջոնը կամ Ջորջը (եթե տղա ծնվի) և Աննան ու Ֆրենսիսը (եթե աղջիկ ծնվի):









































