«Փաստինֆո»-ն գրել է.
Շիրակի մարզի դատարանը կայացրել է սոցիալական ոլորտում չարաշահումների վերաբերյալ հերթական գործով դատավճիռը՝ 4 ամբաստանյալի վերաբերյալ, որով հաստատված է համարել առավել քան 80 մլն դրամի հափշտակության փաստը:
Դատարանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի արդեն նախկին պետ Էդուարդ Վարժապետյանին հանցավոր է ճանաչել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, և դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
Միաժամանակ նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013 թվականի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, և նա ազատվել է նշանակված պատժի կրումից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի նախկին գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը հանցավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին տեսուչ-վճարող Կիմա Փիլոյանը հանցավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Սակայն ՀՀ Ազգային Ժողովի՝ 26.05.2011 թվականի «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ ազատվել է այդ մեղադրանքի մասով նշանակված պատժի կրումից:
Կիմա Փիլոյանը հանցավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և դատապարտվել ազատազրկման 3 տարի ժամկետով: Նա միաժամանակ զրկվել է ֆինանսատնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով:
Դատավճռով մասնակի բավարարվել է ՀՀ Գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը և Արթուր Աբրահամյանից, Կիմա Փիլոյանից ու Ռուբեն Մնացականյանից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետբյուջեի պետք է բռնագանձվի 54.608.394 ՀՀ դրամ:
Էդ.Վարժապետյանի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում ՀՀ Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարված 3.000.000 և ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարված 1.338.000 ՀՀ դրամ վճարված գումարները դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է փոխանցվի ՀՀ պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին:
Այսպիսով, դատարանն ապացուցված է համարել, որ Արթուր Աբրահամյանը, պետությունից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հասնող գումարների հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով նույն տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանի հետ, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված 9 կենսաթոշակառուների անվամբ անհիմն ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները:
Կիմա Փիլոյանը կենսաթոշակառուների հարազատների անվան դիմաց կեղծել է ստորագրությունները և անհիմն ելքագրել իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 62.141.000 ՀՀ դրամ թաղման նպաստի և 6.157.125 ՀՀ դրամ ժառանգվող, ընդհանուր՝ 68.318.125 ՀՀ դրամ գումարները, որոնք Արթուր Աբրահամյանի հետ յուրացման եղանակով հափշտակելով՝ հավասարապես բաժանել են միմյանց միջեւ:
Կիմա Փիլոյանը 2008-2009 թվականների ընթացքում մինչեւ մեկ տարի ժամանակով կենսաթոշակ չստացած 114 կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ Արթուր Աբրահամյանի հետ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 15.290.269 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում











































