Չսահմանված տեղերում կամ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելու դեպքում տուգանքները բարձրացվում են 1000 դրամից մինչև նվազագույն աշխատավարձի 15-20-ապատիկը: Ինչպես այսօր Ազգային ժողովում «Վարչական իրավախախտումների» օրենսգրքում փոփոխությունները ներկայացնելիս հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, գործող պատժաչափն արդյունավետ չէ:
Օրենսգրքում փոփոխությունները կվերաբերեն ՀՀ բոլոր համայնքներին: Կ. Արեյանը տեղեկացրեց, որ 2012 թ. 11 ամիսներին վարչական իրավախախտումների դեպքերով կազմված արձանագրություններից 3361-ը վերաբերել է Երևանում, 2418-ը՝ ոչ սահմանված տեղերում, 480-ը առանց թույլտվության բացօթյա առևտրի դեպքերին:
«Սրա իրական պատճառը սահմանված 1000 դրամ տուգանքն է, որն արդյունք չի տալիս: Մարզերում ևս նման իրավիճակ է՝ նայելով փողոցային առևտրին»,- ասաց փոխքաղաքապետը և հավելեց. «Ամենևին մեր թիրախը այն մեկ փունջ կանաչեղենով անձը չէ` մուտքի մոտ կանգնած: Սահմանված կարգով ստացիր թույլտվություն շատ մեղմ տուրքաչափով և կատարիր առևտուր»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե պետք է տարանջատել՝ սա գյուղմթերք վերավաճառողների՞ն է վերաբերում, թե՞ նաև արտադրողներին: Ըստ նրա՝ եթե նվազագույն աշխատավարձի 15-20-ապատիկը պետք է տուգանք լինի, դա 15-20 հզ. դրամ փող է ստացվում, որ գյուղացին մի մեքենա բերք էլ վաճառի, այդքան եկամուտ չի ունենա. «Այլ մոտեցում պետք է ցուցաբերվի վաճառողին և վերավաճառողին: Գյուղացիներին պետք է վնաս չտանք: Եթե նախագիծը կանոնակարգելու խնդիր ունի, համաձայն ենք, բայց գյուղացին չպետք է տուժի»:








































