«Ամառային ճամբարներում, փակ տարածքներում, որտեղ միասեռ երեխաները մեկ միջավայրում են, պետք է ուշադիր լինել, քանի որ երեխան գտնվում է հոգեսեռական զարգացման փուլում»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ մյուս անհատները, որոնք սեռական իմացության առումով ավելի վաղ են տեղեկացված եղել, ազդեն մյուսների վաղ սեռական կողմնորոշման վրա: Ըստ մասնագետի՝ «այնքան շատ է ապատեղեկատվությունը, որ ծնողները պետք է չափազանց ուշադիր լինեն: Քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդները բավականաչափ տեղեկացված չեն լինում, և ամուսնական փուլում արդեն հանդիպում են որոշակի խնդիրների»:
Բացի դրանից՝ որոշակի առումով չի բացառվում, որ միասեռականների վերաբերյալ անգամ խոսակցությունը «քարոզ» հանդիսանա: Սևադա Հակոբյանը, օրինակ, ունեցել է հիվանդներ, որոնք չափազանց շատ և ոչ ճիշտ ինֆորմացիոն հոսքերի պատճառով սկսել են կասկածով վերաբերվել իրենց կողմնորոշմանը: Չնայած մասնագետը նկատեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համասեռամոլությունն ավելի շատ գենետիկական հիմք ունի, ոչ թե սոցիոգեն: «Հայաստանում ուսումնասիրություն չկա, բայց աշխարհում այսպիսի մարդիկ հինգ տոկոս են կազմում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր ճանաչած համասեռամոլները գոհ և երջանիկ չեն, որ այդպիսի կողմնորոշում ունեն:
Ասուլիսի մյուս բանախոս Աննա Բադալյանը նշեց, որ սեռական դաստիարակության հարցում երեխայի սեռական դաստիարակության վրա շատ խոր ազդեցություն ունեն ծնողները: Պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, սեռի կայացումը և ընդհանուր միջավայրը:
Բանախոսներն ընդգծեցին, որ շատ հաճախ տղաների պարագայում հատկապես մայրերը չափից ավելի տեղեկացված են լինում իրենց երեխաների սեռական հարաբերություններից, ինչպես նաև խնդիրներից՝ անկախ երխայի տարիքից: Սևադա Հակոբյանը պատմեց, որ իր մոտ եկել է նաև 40-ամյա տղամարդ՝ իր մայրիկի հետ: Բժշկի հետ խոսակցության ընթացքում մայրը ներկա է եղել, իսկ հիվանդն ասել է. «Ոչինչ, ինքը ամեն ինչ գիտի»:
Լուսանկարը՝ Armenpress-ի










































