Գործարար Սիլվա Համբարձումյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին տեղեկությունները լրատվամիջոցներն են տարածել, և ոչ թե Սիլվա Համբարձումյանը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սիլվա Համբարձումյանի մամլո քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Միքայել Ահարոնյանը այս լուրերը պայմանավորում է նրանով, որ ամիսներ առաջ՝ մինչև խորհրդարանական ընտրությունները, Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե մասնակցելու է ԱԺ ընտրություններին, բայց չմասնակցեց, որից հետո հարցրին՝արդյոք կդնի՞ թեկնածությունը հաջորդ ընտրություններին: Սիլվա Համբարձումյանը ասել է, որ եթե հնարավոր լինի՝ կառաջադրվի, սակայն նա նման հայտարարություն չի արել:
«Մինչև վերջնական որոշումը՝ այո, թե ոչ, նա երկար է մտածում, և չեմ կարծում՝ մեկ ամսվա ընթացքում նման որոշում կայացնի, այսինքն՝ բացառվում է այս ընտրություններին Սիլվա Համբարձումյանի մասնակցությունը, քանի որ նա հապճեպ որոշում չի կայացնի»,- հավելեց մամլո քարտուղարը:











































