ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մատնանշել է Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում տների կառուցման անօրինականությունը՝ ընդգծելով, որ այդ քայլը կարող է վերջ դնել մերձավորարևելյան իրադրության խաղաղ կարգավորմանը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Կազմակերպության մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում Պան Գի Մունը հատուկ անհանգստություն է արտահայտվւմ Е-1 գոտում բնակավայրերի շինարարության ծրագրերի վերաբերյալ: Այդ գոտին կարող է միմյանցից առանձնացնել պաղեստինյան երկու անկլավները՝ Արևելյան Երուսաղեմն ու Հորդանան գետի Արևմտյան ափը:
«Եթե Е-1 բնակավայրը կառուցվի, ապա դա մահացու հարված կհասցնի երկու պետությունների ստեղծման հիման վրա որոշման հասնելու մնացյալ հնարավորություններին»,- նշվում է կոմյունիկեում: Դրանում ասվում է նաև, որ հանուն խաղաղության, այդ գոտու շինարարության ցանկացած ծրագիր պետք է չեղյալ հայտարարվի:
Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին 3000 միավոր կացարանի (բնակարաններ և քոթեջներ) կառուցման որոշման մասին Իսրայելի կառավարությունը հայտարարել էր նոյեմբերի 30-ին՝ հաջորդ օրը այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Պաղեստինին տվեց ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակ:
Իսրայելի կողմից կացարանների շինարարության ծրագրերի դեմ է արտահայտվել նաև ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Նա կոչ է արել Իսրայելին չեղյալ հայտարարել բնակավայրերի կառուցման որոշումը:
«ԵՄ երկրները ընդհանուր կարծիք են արտահայտում առ այն, որ հրեական բնակավայրերի շինարարության որոշումը հակասում է միջազգային օրենսդրությանը և կբարդացնի տարածաշրջանում իրադրության խաղաղ կարգավորման գործընթացը: Ես կոչ եմ անում Իսրայելին կամք դրսևորել և վերսկսել խաղաղ բանակցությունները և օկուպացիոն բնույթ կրող ծրագրեր չձեռնարկել»,-ասված է Էշթոնի հայտարարությունում:
Երեկ Իսրայելի հասցեին դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Թուրքիան և արաբական երկրները:









































