Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ վերստին 10,000 լարի գրավի դիմաց ազատ է արձակել Վրաստանի ՆԳՆ-ի գլխավոր տեսչության նախկին պետ Թենգիզ Գունավային: Դրանով իսկ դատարանը մերժել է Գունավայի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու մասին դատախազության միջնորդությունը:
Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ է ձերբակալում Գունավային: Այս դեպքում նա մեղադրվում է 3000 լիտր բենզին յուրացնելու մեջ: Գունավայի փաստաբան Գիորգի Օնիանիի խոսքերով՝ այդ մեղադրանքներն անհեթեթություն և շինծու են՝ ընդգծելով, որ ինչ-որ մեկը շատ է ցանկանում Գունավայի կալանավորումը:
Նախորդ անգամ Գունավան ձերբակալվել էր նոյեմբերի կեսերին՝ մեղադրվելով թմրանյութերի գործածման և ապօրինի ձևով զենք կրելու մեջ: Այն ժամանակ դատարանը դարձյալ 10,000 լարի գրավի դիմաց ազատ էր արձակել Գունավային:









































