Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում դեկտեմբերի 2-ին շուրջ 10 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելով «Հանուն ավելի լավ Հունգարիայի» ազգայնական կուսակցության ղեկավար Մարտոն Դիենդիեշիի ֆաշիստական արտահայտությունների դեմ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հունգարիայի խորհրդարանի առաջ տեղի ունեցած ցույցին մասնակցել են նախարարներ, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ, ԱՄՆ և Իսրայելի դեսպաններ: Ցուցարարները կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել ազգայնական շարժումների դեմ, ինչպես նաև պահանջել են Մարտոն Դիենդիեշիի անհապաղ հրաժարականը:
«Հանուն ավելի լավ Հունգարիայի» կուսակցության ղեկավարն իր հերթին ցույցն անվանել է «քաղաքական խուճապի դրսևորում»՝ հավելելով, որ կուսակցության մրցակիցների վարքը արտացոլում է նրանց հուսալքությունը՝ երկրի բնակչության շրջանում աջ ուժերի ազդեցության աճի կապակցությամբ: Նա նաև նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Հիշեցնենք, նոյեմբերի 27-ին Դիենդիեշին կոչ էր արել երկրի կառավարութանը իշխանության մեջ գտնվող հրեաների ցուցակ կազմել, քանի որ նրանք վտանգ են ներկայացնում Հունգարիայի անվտանգությանը:










































