Նիգերի մայրաքաղաքից ոչ հեռու ընկած Air Algerie-ի ինքնաթիռում եղած բոլոր 116 մարդիկ զոհվել են՝ հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ալժիրյան «Ան-Նահար» պարբերականին:
Ալժիրյան հեռուստաընկերության տեղեկությամբ՝ նախնական տվյալներով՝ զոհերից 80-ը Ֆրանսիայի քաղաքացի են:
Հիշեցնենք՝ այսօր Air Algerie-ն կորցրել էր կապն իր А320 ինքնաթիռի հետ, որը Բուրկինա-Ֆասոյից ուղևորվում էր Ալժիր: Ինքնաթիռի հետ կապը կորել է թռիչքից 50 րոպե անց:
Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը եղել է ամպրոպով ուղեկցվող փոթորիկը:
Իսպանական Swiftair ավիաընկերությունը հայտնել է, որ կործանված ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները՝ 2 օդաչուն և սպասարկող անձնակազմի 4 անդամները, Իսպանիայի քաղաքացի էին: McDonnell Douglas MD-80 ինքնաթիռը պատկանում է Swiftair ընկերությանը, սակայն դրա օպերատորը Air Algerie-ն է:
Air Algerie-ի աղբյուրն Agence France-Press-ին հայտնել է, որ «ինքնաթիռը եղել է Ալժիրի հետ սահմանի մոտ, երբ դրա անձնակազմը խնդրել է վատ տեսանելիության պատճառով փոխել կուրսը՝ այլ ինքնաթիռի բախվելու ռիսկից խուսափելու համար, որն Ալժիրից Բամակո է շարժվել»:
Ինքնաթիռի հետ կապը կորել է կուրսը փոխելուց հետո:










































