ԱՄՆ վարչակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն Բեռլինում բանակցություններ է վարել իր գործընկեր Փեթեր Ալթմայերի հետ՝ գրում է The Washington Post-ը: Գերմանացի բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները «շատ գոհ են» այդ հանդիպումից, հատկապես երկու երկրների հետախուզությունների համագործակցության «հիմնարար սկզբունքներ» մշակելու Մաքդոնոուի առաջարկից:
Ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են Բեռլինին վստահեցնել, որ իր իրավունքները կհարգվեն՝ նշվում է հոդվածում:
Հանդիպման արդյունքներով՝ կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը՝ նշում է The Guardian-ը: Գերմանացի անանուն աղբյուրի խոսքով՝ «հիմնարար սկզբունքները» դժվար թե բացառեն օտարերկրացիներին կամ Գերմանիայում ահաբեկչության մեջ կասկածվողներին լրտեսել, բայց գերմանացի քաղաքական գործիչներին կամ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությանը լրտեսել ԱՄՆ ԱԱԳ-ին կարող են արգելել:
Սպիտակ տան վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ գերմանական կողմի հետ բանակցությունները եղել են «ինտենսիվ»:










































