Ավանում այսօր երթուղուց դուրս են բերվել 32 համարի բոլոր երթուղայինները: Նոր Նորքի առաջին զանգվածում 32 համարի երթուղայինը կանգնած էր հանրակացարանի շենքի առջև՝ սպասելով շենքի ժողովրդին ընտրատեղամաս տանելու:
Երթուղայինի մեջ նստած տատիկից հետաքրքրվեցինք, թե ուր է պատրաստվում գնալ այդ երթուղայինով, վերջինս ոչինչ չպատասխանեց, նրա փոխարեն հարցին պատասխանեց երթուղայինի վարորդը, ասելով, որ հուղարկավորության արարողության են պատրաստվում գնալ: Նշենք, որ տատիկի ձեռքին կար նաև անձնագիր: Երկար ժամանակ սպասելուց հետո տատիկը հոգնեց սպասել շենքի ժողովրդի հավաքվելուն և իջավ երթուղայինից ու միայնակ բռնեց ընտրատեղամաս տանող ճանապարհը: Մեզ հետ զրույցում տատիկն ասաց. «Ինչքան սպասեմ շենքի ժողովրդին, ավելի լավ է մենակ գնամ ընտրության»:
Նշենք, որ այդ բակում ընտրողներին ցուցակով էին տանում ընտրության, թեև լրագրողներին տեսնելով, թաքցնում էին ցուցակները և հորդորում հեռանալ տարածքից՝ փորձելով վեճ հրահրել:










































