Ավստրալացի գիտնականները FGM-148Javelin հակատանկային հրթիռային համալիրի ինֆրակարմիր հաղորդիչն օգտագործել են արյան մեջ մալարիայի մակաբույծների ախտորոշման նոր մեթոդի մշակման համար: Իրենց աշխատանքի մասին գիտնականները տեղեկացրել են Analyst ամսագրում:
Հաղորդիչը տեղադրվել է մանրադիտակում, որն աշխատում է ինֆրակարմիր դիապազոնում: Արդյունքում գիտնականները կարողացել են հիվանդության զարգացման ամենավաղ փուլում հայտնաբերել արյան մեջ մալարիայի հետքերը:
Մալարիայի համար արյան ստուգման ժամանակակից մեթոդները շատ ժամանակ են պահանջում մշակման համար: Բացի դրանից՝ դրանք արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ մակաբույծներն արդեն տարածվել են ամբողջ օրգանիզմով: Նոր մեթոդը հնարավորություն կտա ախտորոշել ընդամենը 4 րոպեում, այն մալարիայի հարուցիչը հայտնաբերում է նույնիսկ մի էրիտրոցիտի դեպքում:
Մալարիան մարդուն փոխանցվում է Anopheles մոծակների (մալարիայի մոծակ) կծելու հետևանքով: Հիվանդությունն առաջացնում են այնպիսի մակաբույծներ, ինչպիսին է Plasmodium-ը: Տարեկան գրանցվում է մալարիայով մարդկանց վարակման 350-500 մլն դեպք, նրանցից մոտ 1%-ը մահանում է: Ամենից հաճախ մալարիայով հիվանդանում են մինչև 5 տարեկան երեխաները:










































