Միացյալ Նահանգները համարում է, որ ԿԺԴՀ-ի արբանյակով հրթիռի արձակումը սադրանք է, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը, և այդ կապակցությամբ քննարկում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ հաջորդ քայլերը վեցակողմ բանակցությունների գործընկերների և այլ դաշնակից-երկրների հետ,- ասվում է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մեջ, հաղորդում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ Կորեայի հեռագրական գործակալությունը հաղորդագրություն էր հրապարակել, որում ասվում է, որ ԿԺԴՀ-ն նախատեսում է գիտահետազոտական արբանյակի արձակումն իրականացնել դեկտեմբերի 10-ի և 22-ի միջև ընկած հատվածում: Միջազգային հանրությունը կասկածում է, որ իրականում ԿԺԴՀ տիեզերական ծրագիրը քողարկված բալիստիկ հրթիռի փորձարկում է:
«ԿԺԴՀ «արբանյակի» արձակումը կդառնա գերագույն սադրիչ գործողություն, որն սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասվում է Նուլանդի հայտարարության մեջ, որում նաև նշվում է, որ այդ հրթիռների փորձարկումը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմանը:







































