ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Սանտա Կլարայի դատարանը մերժել է Youtube-ից «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը հանելու դերասանուհի Սինդի Լի Գարսիայի պահանջը: Գործով պատասխանողը եղել է ֆիլմի ստեղծող Նակուլա Բասսելեյ Նակուլան և Youtube Google Inc.-ը:
Google Inc.-ին ներկայացված հայցում Գարսիան բողոքել է իր դերասանական իրավունքների խախտման համար. ընկերությունն առանց իր համաձայնության տեսանյութը հասանելի է դարձրել, փոխանցում է Reuters-ը: Սակայն դատարանը կասկածել է, որ ֆիլմի նկատմամբ Գարսիայի իրավունքներն ամրագրված են, բացի դրանից` դատարանը համարել է, որ ֆիլմի հեղինակային իրավունքը պատկանում է այն ստեղծողին` Նակուլա Բասսելեյ Նակուլային: Դատարանը նաև չի ընդունել դերասանուհու պնդումը, որ իր և իր հարազատների կյանքը ֆիլմի պատճառով վտանգված է:
Ավելի վաղ «Մուսուլմանների անմեղությունը» Youtube-ից հանելու դերասանուհու պահանջը մերժել էր Լոս Անջելեսի Գերագույն դատարանը:
Հիշեցնենք` «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել իսլամական աշխարհում: Հավատացյալների կարծիքով` ֆիլմը խեղաթյուրում է Մուհամմեդ մարգարեի մասին պատկերացումները: Ֆիլմը նաև Բենղազիում ԱՄՆ դեսպանի և դեսպանատան ևս 3 աշխատակցի սպանության պատճառ էր դարձել: Աֆրիկայում, Մերձավոր և Միջին Արևելքներում ԱՄՆ դեսպանատների մոտ անկարգությունները ճնշելու ընթացքում ամենաքիչը 100 մարդ էր տուժել:








































