Եմենի ներքին գործերի նախարարությունը հայտնել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման տեղի բջջի ղեկավարներից մեկի ձերբակալման մասին, հայտնում է Associated Press գործակալությունը:
ՆԳՆ հայտարարության մեջ ասված է, որ Սուլեյման Հասան Մուհամմեդ Մուրշիդ Ավադը ձերբակալվել է Զինջիբար քաղաքում, որտեղ «Ալ-Քաիդայի» զինյալները վերջին շրջանում ավելի ակտիվ են: Չի նշվում, թե կոնկրետ երբ է ձերբակալվել ահաբեկիչների ղեկավարը, որը հայտնի է նաև Աբու Ուսամա Ալ-Աբի անվամբ:
Եմենի իշխանությունների տվյալներով` Ալ-Աբին խմբավորման ամենավտանգավոր տարրերից էր. նա մասնակցել է օրինապահ մարմինների աշխատակիցների սպանություններին, ինչպես նաև Եմենի մայրաքաղաք Սանայում օտարերկրյա օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումներին:
«Ալ-Քաիդայի» եմենական բջիջն աշխարհում և տարածաշրջանում ամենաակտիվ խմբավորումներից է: Ահաբեկիչների դեմ պայքարում եմենցի զինվորականներին օգնում են ամերիկացի զինվորները, որոնք անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հետախուզում և գնդակոծում են զինյալների դիրքերը:









































