Թաիլանդի Փխուքեթ կղզու արևելյան ափին բլյուբոթլ (bluebottle jellyfish) թունավոր մեդուզաներ են կուտակվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Մեդուզաների այդ տեսակը, որը հանդիպում է հիմնականում Ավստրալիայի ափերի մոտ, Փխուքեթի Նայ Թոյ լողափի շրջանում է հայտնվել մի քանի շաբաթ առաջ: Լողափի փորձառու փրկարարները պարբերաբար փորձում են որսալ դրանց, բայց բոլորին բռնել չի հաջողվում:
Անցած ուրբաթ այդպիսի մեդուզաներից մեկը 24-ամյա ռուս զբոսաշրջիկի հոսպիտալացման պատճառ է դարձել: Անհրաժեշտ բուժօգնությունից մի քանի ժամ հետո նա վերադարձել է հյուրանոց:
Մասնագետները զգուշացնում են, որ բլյուբոթլ մեդուզան, չնայած իր փոքր չափին (2-10 սմ), կարող է չափազանց վտանգավոր լինել մարդու համար: Այրվածքից ուժեղագույն ցավային շոկը կարող է ճակատագրական լինել: Մեդուզայի թույնը նաև կարող է դժվարացնել շնչառությունը և սրտխփոցը:








































