Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային հանրությանը չհանձնի ուղևորատար ինքնաթիռին հարվածելու ահաբեկչությունն իրագործածներին, ինչպես նաև չճանաչի Ուկրաինայի արևելքում հակամարտության մեջ գործողությունների իր բաժինը, նա կզգա Արևմուտքի համախմբվածությունը՝ ընդդեմ բավականին թուլացած Ռուսաստանի: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի խորհրդական Զիգնև Բժեզինսկին:
«Ինքնաթիռի կործանման համար պատասխանատու անձինք պետք է կանգնեն Միջազգային քրեական դատարանի առջև, իսկ նրանց հովանավորը պետք է վճարի զոհերի համար»,- ասել է նա:
«Նա դեռևս կարող է ասել, որ ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, որին հարվածել են նրա դահիճները՝ իր իսկ հանձնած զենքով, դուրս է եկել իր ծրագրածի սահմաններից, և որ դա ապօրինի հանցագործություն է, իսկ դրա համար պատասխանատու անձինք կփոխանցվեն միջազգային տրիբունալ»,- ասել է քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ Պուտինը կարող է դադարեցնել նաև Ուկրաինայում ռազմական ներխուժումը:
«Ես կարծում եմ՝ նրան (Պուտինին) դեռևս կարելի է ստիպել կանգնել, եթե մենք հանդես գանք միասնական ճակատով: Դա նշանակում է Միացյալ Նահանգների կողմից առաջնորդության ցուցաբերում, ինչպես նաև եվրոպացի առաջնորդների շարունակական, հետևողական գործողություններ մեզ հետ: Դա լուրջ մարտահրավեր է, բայց նաև՝ վճռորոշ»,- ընդգծել է քաղաքագետը:











































