Բրիտանական ԱԳՆ-ն պնդում է, թե իբր Ռուսաստանը ագելափակում է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Ուկրաինայի տարածքում մալայզիական ավիաուղիների ինքնաթիռի կործանման վերաբերյալ որոշման ընդունումը, ասվում է Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդի հայտարարության մեջ, գրում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ Ֆիլիպ Քինգը կոչ է արել Անվտանգության խորհրդին՝ ավիավթարի կապակցությամբ որոշում կայացնել: Փաստաթուղթը պետք է նախատեսի ինքնաթիռի կործանման վայրի հասանելիությունը և միջազգային անկախ ու մանրամասն հետաքննության կազմակերպումը: Փաստաթուղթը կներառի «տարածաշրջանի բոլոր պետությունները և իրադարձությունների մասնակիցները պետք է զերծ մնան քաղաքացիական ինքնաթիռների դեմ բռնության գործողություններից» պահանջը: Ենթադրվում է, որ որոշման վերաբերյալ քվեարկությունը կկայանա երկուշաբթի օրը:
«Լուրջ անհանգստություն է առաջացնում դիակները դուրս բերելու նպատակով կործանման վայրի հասանելիությունը ապահովելու հարցում առաջընթացի բացակայությունը: Անընդունելի է, որ ռուսական կառավարությունը արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ճնշման միջոցով այդ հարցում արդյունքների հասնելու մասին որոշումը՝ հայտարարելով, որ հասանելիության հետ կապված խնդիրներ չկան»,- ասվում է նախարարի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ընդ որում՝ Համոնդը նշել է, որ բրիտանացի երկու փորձագետներ այս պահին գտնվում են Կիևում և պատրաստ են ցանկացած պահի դեպքի վայր մեկնել: Նախարարը հաստատել է, որ երեքշաբթի օրը նա Բրյուսելում կմասնակցի ԱԳ նախարարների հանդիպմանը, որտեղ եվրոպացի իր գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման հարցը:








































