«Ես «Բաղրամյան 26»-ում վաղուց չեմ եղել: Բազմաթիվ տարիներ: Անգամ եթե դա տեղի ունեցած լիներ, դրանում որևէ ամոթ չկա: Բայց ոչ մի կապ չեմ ունեցել Հայաստանի ոչ մի նախագահի հետ, բացի այն դեպքերից` պատահական, թե տոնական, որտեղ ես տեսել եմ իմ համաքաղաքացի` նախկին կամ ներկա նախագահներին, և փոխանակ թիկունք դարձնելու և արհեստականորեն հեռանալու, ես մոտեցել եմ և բարևել եմ: Բարևը հասնում է բոլորին, և այդ բարևից բացի` չի եղել որևէ քաղաքական հանդիպում, շփում, պայմանավորվածություն որևէ մի նախագահի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով դիտարկմանը` երբ Դուք հայտարարեցիք նախագահական ընտրություններում առաջադրման մասին, որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ այդ որոշումը կայացվել է «Բաղրամյան 26»-ում հանդիպում ունենալուց հետո:
Թերթը նկատեց, որ ընդհանրապես «Ժառանգությանն» այս տարիների ընթացքում հաճախ են մեղադրել Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մեջ, ինչին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ և «Ժառանգության» անկախությունն ու ինքնիշխանությունն են բերում նրան, որ ամենատարբեր դաշտային անկյուններից` իշխանական և ընդդիմադիր, մարդիկ որոշում են, որ պետք է թիրախավորված, ինչ-որ մի թթու բան, մի չարաճճի բան ասեն մեր հասցեին: Դա յուրաքանչյուրի իրավունքն է: Մեկ-մեկ մենք արժանի ենք այդ քննադատությանը»:
Նա կարծում է, որ մեր քաղաքական դաշտի որոշ դերակատարների համար անհասկանալի է այն իրականությունը, որ կա մի մարդ, մի ուժ, որը Հայաստանում բիզնես չունի, ոչ մի քաղաքական պարտականություն չունի որևէ մեկի նկատմամբ: «Այդ ինքնիշխանությունը, որը պետք է դառնա ՀՀ-ինը, արդեն գոյություն ունի մի քաղաքացու և մի ուժի մոտ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:








































