Սահմանադրական դատարան դիմելու նպատակով Աժ ՀԱԿ խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին նոյեմբերի 30-ի ժամը 16:30-ի դրությամբ միացել էր ընդամենը 5 պատգամավոր: «168 ժամ»-ը գրում է, որ նրանցից չորսը ՀԱԿ-ից են, մեկը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն Աժ-ում ունի թվով 7 պատգամավոր: Ըստ ՀԱԿ-ի, իրենց շարքերից սակավ թվով պատգամավորների, այդ թվում` նաև նախաձեռնող խմբակցության ոչ բոլոր անդամների ստորագրելը պայմանավորված է պատգամավորների բացակայությամբ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը մտադիր է Սահմանադրական դատարանից պահանջել` Աժ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը` արտահերթ նիստ կամ նստաշրջան անցկացնելու մասով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին հակասող և անվավեր: ՀԱԿ խմբակցությունն Աժ քարտուղարությունից համապատասխան ձևաթուղթը վերցրել է նախօրեին: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն:










































