Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ սկսվում է ներընտանեկան բռնության վերաբերյալ գործի դատական քննությունը:
Ամբաստանյալի աթոռին չորս տղամարդիկ են՝ 39-ամյա Գևորգը, 23-ամյա Մնացականը, 34-ամյա Հովհաննեսն ու 37-ամյա Լենդրուշը:
Դեպքերը զարգացել են այն բանից հետո, երբ մարզի բնակչուհի Տիրուհին (անունը փոխված է) ամուսնացել է մարզի մեկ այլ գյուղի բնակչի հետ, ապա ամուսնու տուն է կանչել իր քեռիներին՝ ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած չորս տղամարդկանց:
Հրավերը ամուսնական խնջույքի նպատակով չէր արված: Նորահարսը խոստովանելու բան ուներ և նախընտրել էր այդ բանն անել հատկապես քեռիների ներկայությամբ:
2014 թվականի մարտի 13-ին ամուսնու տանը Տիրուհին իր քեռիների քառյակին խոստովանել է, որ 2010 թվականի ամռանը իր հայրն իրենց տանը… բռնաբարել է իրեն:
Չորս զայրացած քեռիներն անմիջապես մեկնել են իրենց քրոջ ամուսնու գյուղ:
Պարզաբանումներ ստանալու նպատակով նրանք գնումներ կատարելու և միասին ընթրելու կեղծ պատրվակով, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով աղջկա հորն առևանգել են, տարել իրենցից՝ Հովհաննեսի կիսակառույց տուն, կապկպել են կպչուն ժապավենով, ծեծի ենթարկել՝ առևանգվածի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Խոստովանեցրել են, թե ոչ՝ կպարզվի դատական քննության ընթացքում:
Իսկ ամբաստանյալների քառյակը մեղադրվում է մարդու առևանգման և նրա առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:
Ամբաստանյալ քեռիների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Այս գործով տուժողը, եթե իրոք տարիներ առաջ բռնաբարել է իր աղջկան, հնարավոր է, որ համապատասխան գործի քննությունից ու փաստի հաստատվելուց հետո ինքը հայտնվի ամբաստանյալի աթոռին՝ ավելի ծանր հանցարարքի համար մեղադրվելով:
«Ներքին կարգով» նման հարցի պարզաբանման փորձը անխուսափելիորեն հասցնելու էր հանցագործության կատարման: Հետևաբար, տարիներ առաջ կատարված դատապարտելի բռնության վերաբերյալ հայտարարությունը ճիշտ կլիներ կատարել ոչ թե հարազատ տղամարդկանց ներկայությամբ՝ նրանց մղելով անկանխատեսելի արարքների կատարման, այլ՝ իրավապահ մարմիններին:
Միևնույնն է, ներընտանեկան գաղտնիքը, եթե այն իրոք տեղի է ունեցել, այլևս գաղտնի, կեղտոտ սպիտակեղենի մեջ թաքցված մնալ չէր կարող…









































