Օրերս Եվրադատարանը ևս մեկ վճիռ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի և հօգուտ զինված ուժերում ծառայել չցանկացող Եհովայի վկաների: Այս առիթով Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է, որ ամբողջ Հին Կտակարանում նշված է, որ ամեն հրեա պետք է իր ազգի և ժողովրդի շահերը պաշտպանի: Աստվածաշունչն առաջարկում է՝ պահիր ազգային շահդ. «Այսօրվա Եհովայի վկաների կողմից այս խնդիրը շատ ավելի քաղաքական շահարկման հարց է, քան կրոնի, խղճի ազատության հարց»:
Կոմիտաս վարդապետը նշել է, որ մենք ունենք օրենքների կատարելության խնդիր. «Այսօր վերջնական ձևի մեջ չի մտել այն օրենքը, որ վերաբերում է աղանդավորական շարժումներին, իրավունքներին, պարտականություններին: Մեր օրենքների ոչ վերջնական և ոչ ճշգրիտ շարադրանքն է մեզ հասցրել այս վիճակին: Ինչպես որ գոյություն ունեն եվրոպական կոնվենցիաներ, այնպես էլ ՀՀ-ն ունի օրենքներ: Եթե մենք խոսում ենք դիմացինի օրենքները հարգելու մասին, այնպես էլ պետք է ծանոթացնենք մեր հիմնավորված օրենքները և չհակասելով այդ օրենքներին՝ պաշտպանենք մեր շահը»:
Կոմիտաս վարդապետի խոսքերով՝ խղճի ազատությունը մեկ բան է, կրոնի ազատությունը՝ մեկ այլ բան: Գերմանիայում էլ, նրա խոսքերով, նույն խնդիրը կար. այն անձը, որ չէր ուզում բանակում ծառայել, ինչ-որ կառույցից ներս պարտականություն էր ստանձնում՝ հիվանդանոցում, ծերանոցում՝ որպես հավաքարար, որոնցում զինվորական վերահսկողություն չկա: Մենք, ըստ նրա, ուզում ենք եվրոպական կառույցներից ներս մտնել՝ առանց նայելու, թե ինչեր են պարտավորեցնում մեզ:
«Ես վերջերս մի հոդված գրեցի, որով առաջարկեցի նրանց, ովքեր հրաժարվում են պաշտպանել մեր սրբազան երկրի սահմանները, տանել և սահմանամերձ շրջանները բնակեցնել, թող որ իրենց խաղաղասիրական էներգիայով պաշտպանեն մեր զինվորներին: Դուք ուզում եք խաղաղություն, բայց այդ խաղաղությունն ապահովում են զինվորները, որ աղանդավորներն իրենց սև գործն անեն»,- ասել է Կոմիտաս վարդապետը: Հարցին, թե ինչու եկեղեցին ակտիվորեն չի աշխատում աղանդավորների դեմ, պատասխանել է, որ Հայ առաքելական եկեղեցին Հայաստանում ունի առավելագույնը 300 հոգևորական, որոնք յուաքանչյուրն ունեն իրենց գործը, և նրանց յուրաքանչյուրին ուղղելով ամեն աղանդի դեմ, նշանակում է, որ հոգևորականը պետք է զբաղվի միայն աղանդավորներով: Բացի այդ. «Մենք պայքարելով իրենց նման, հայ եկեղեցին դարձնելով իրենց նման, հայ եկեղեցու կերպարն ենք փոխում»: Նա նշել է, որ կառավարությունը պետք է շահագրգռված լինի այս խնդրի լուծմամբ, քանի որ չափից ավելի ազատությունը տանում է քաոսի:








































