ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը դեռ չի հավաքել ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունները:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հակասահմանադրական էր համարում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետը: ՀՀ Սահմանադրությունն իրավունք է տալիս 44 պատգամավորի ստորագրության առկայության դեպքում հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: Եվ ՀԱԿ-ում գտնում են, որ արտահերթ նիստ գումարելու համար բավարար է 44 պատգամավորի գրանցումը: Իսկ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն` խորհրդարանի նիստն իրավազոր է, եթե գրանցվել է պատգամավորների թվի կեսից ավելին, այսինքն` առնվազն 66-ը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ էր հրավիրել` ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցություններից հավաքելով 45 ստորագրություն, սակայն նիստը չկայացավ, որովհետև Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները բոյկոտել էին այն: ՀԱԿ-ը հակասահմանադրական է համարում ԱԺ կանոնակարգ օրենքի այդ պահանջը՝ քվորում ապահովելու համար առնվազն 66 պատգամավորի առկայությունը:
Այժմ ՀԱԿ-ում մեկ այլ ստորագրահավաք են կազմակերպել` ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանադրականությունը վիճարկելու համար:
ՀԱԿ խմբակցությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ իրենք ակնկալում են այդ ստորագրությունները հավաքել հաջորդ շաբաթ սկսվող ԱԺ քառօրյա նիստերի օրերին: Հայտնի է, որ «Ժառանգություն» խմբակցությունն իր կազմով միանալու է ՀԱԿ-ի նախաձեռնությանը: ՀՅԴ-ն հայտարարել է, որ իրենք չեն միանալու: Եվ ՀԱԿ-ը այդ ստորագրություններն ակնկալում է ԲՀԿ-ից:
Լևոն Զուրաբյանը լավատես է, որ կմիանան, բայց դրանով հետագա համագործակցության պայման չեն դնում, ոչ էլ ցանկանում են որևէ մեկին մեղադրել:








































